‘Ազատամարտիկների ընտրած ուղին ճիշտ չի. Մանվել Գրիգորյան’

1034

Հատված ՀՀ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Գրիգորյանի հետ news.am-ի հարցազրույցից

Իսկ ինչպե՞ ս եք վերաբերվում այն փաստին, որ մի խումբ ազատամարտիկներ հանրահավաքներ են անցկացնում, հանդիպումներ ունենում քաղաքական դաշտի ներկայացուցիչների հետ: Դուք նրանց չե՞ք աջակցում:

ԵԿՄ-ն, հնարավորությունների սահմաններում, աջակցում է պատերազմի բոլոր մասնակիցներին, զոհվածների, անհայտ կորածների և հաշմանդամների ընտանիքներին: Այն հարցերը, որ բարձրացնում են մեր ընկերները, ընդունելի են: Անշուշտ, կամավոր կերպով պատերազմ գնացած մարդկանց համար պետությունն ինչ էլ անի, ինչքան էլ անի` քիչ է: Բայց այդ տղաների ընտրած ուղին ճիշտ չի: Առավել ևս ճիշտ չի նրանց ուղին, ովքեր, օգտվելով պատերազմի մասնակիցների սոցիալական վատ վիճակից, փորձում են օգտագործել նրանց, փորձում են բարեգործ ու բարեսիրտ երևալ, լավամարդ լինել: Ես այսպիսիներին զգուշացնում եմ` ով էլ լինեք` օլիգարխ կամ քաղաքական դաշտի մարդ, կուսակցական կամ չգիտեմ էլ ինչ գործիչ, ձեզ չափերի մեջ պահեք: Թույլ չենք տալու, որ երկրապահի, ազատամարտիկի, մեր մարտական ընկերների խնդիրները մանրադրամ դարձնելով` ձեր հարցերն առաջ բրդեք: Դուք մնացեք ձեր գործին, այս տղաներից ձեռքներդ հեռու: Ցավալի է, որ այդ մարդիկ նոր են հիշել կամ նոր են հասկացել, որ մեր երկրում ազատամարտիկ կա, սահմանամերձ գոտի կա, որ այս խնդիրներով զբաղվել է հարկավոր: Լավ կլինի այդ մարդիկ քիչ թալանեն, մտածեն իրենց հարկերը բյուջե փոխանցելու մասին, այդ դեպքում պետությունը գիտի, թե ոնց կլուծի սահմանամերձ գոտու հարցերն էլ, ազատամարտիկների խնդիրներն էլ: ՀՀ նախագահն էլ, պաշտպանության նախարարն էլ երկրապահ են, մեզանից մեկն են: Նրանք բոլորից լավ են հասկանում ազատամարտիկների խնդիրները, բոլորից լավ կարող են զբաղվել այդ հարցերով: Մի մոռացեք, որ այսօր մեր բանակը մարտունակ պահելու, ավելի հզորացնելու խնդիր ունենք, որովհետև դեռ պատերազմող երկիր ենք: Ունենք սահմանին կանգնած երիտասարդ լեյտենանտ, որ պետք է ընտանիք ստեղծի, ունենք գնդապետ, որի ընտանիքը պետք է լավ ապրի, որպեսզի ինքը կարողանա ամբողջությամբ նվիրվել գնդի խնդիրներին: Սահմանին կանգնած հայ զինվորը պետք է զինված լինի արդիական զենքով, իսկ դա հսկայական ծախսեր է պահանջում: Դա մեր ազգի, մեր պետության անվտանգությունն է թելադրում:

Զանգվածային բողոքներին մասնակցող ազատամարտիկներից Վոլոդյա Ավետիսյանը կալանավորվեց: Այս փաստի՞ն ինչպես եք վերաբերվում:

Անմեղության կանխավարկած կա: Քանի մարդու մեղքը չի ապացուցվել` նա անմեղ է: Բայց ես մի բան ասեմ էլի` եթե իսկապես մարդը հանցանք է գործել` ի՞նչ կապ ունի` երկրապահ է, գեներալ է, բժիշկ է, լրագրող է, մտավորական է, իշխանավոր է, ընդդիմադիր է: Ցանկացած մարդ էլ պետք է օրենքի առաջ պատասխան տա: Հո մենք չե՞նք կարող հայտարարել, թե էս մարդուն մի հարցաքննեք, մի ձերբակալեք, մի կալանավորեք, ինչ է, թե նա մեր մարտական ընկերն է: Կարևորը օբյեկտիվ քննությունն է: Եթե իրոք Վոլոդյան զոհվածի ծնողից փող է վերցրել, զինծառայողի ծնողից փող է վերցրել, ուրեմն նրան խիստ պատժել է պետք, ուրեմն նա մարդ կոչվելու իրավունք չունի: Ես ինքս, երբ կորպուսի հրամանատար էի, երբ փոխնախարար էի, աշխատանքից ազատել եմ գնդապետների, որ զոհվածի ծնողից փող են վերցրել: Իսկ եթե Վոլոդյա Ավետիսյանն անմեղ է, ու պատերազմի մասնակցի գլխին փորձել են զրպարտությամբ գործ սարքել, ուրեմն պետք է այդ գործ սարքողների հերն անիծվի, ուրեմն դրանք մարդ չեն, թուրք են: Կարևորը, որ ամեն ինչ ճիշտ լինի, արդար լինի: Որ բոլորս այս կերպ մտածենք, ոչ թե մեր մոտիկներին հովանավորենք, մեր Հայաստանն էլ կծաղկի, կզորանա, կդառնա աշխարհի ամենալավ երկիրը:

Քանի որ Հայաստանի ապագայից խոսեցիք, մեկ հարց ևս: Դուք կո՞ղմ եք Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանը:

Մենք պետք է դաշնակցենք ռուսի հետ, բայց ամեն օրն օգտագործենք հզորանալու, մեր սեփականը կայացնելու համար, հասկանանք, որ մի օր կարող է ռուսի շահից չբխի այստեղ մնալը: Պետք է կարողանանք ինքնուրույն մեր հարցերը լուծել: Եթե կա ցեղասպան Թուրքիա, եթե կա Արցախի անկախությանը բռնացող Ադրբեջան, եթե ունենք թշնամիներ, պետք է լավ բարեկամներ էլ ունենանք: Մեր անկախությունը մեզ թույլ է տալիս ինքնուրույն այսպիսի որոշումներ ընդունել: Այո, մենք պետք է բարեկամանանք ռուսի հետ էլ, եվրոպացու հետ էլ, ամերիկացու հետ էլ: Կարևորն այն է, որ որոշումներն ինքներս կայացնենք, մենք որոշենք, թե ինչ է մեզ անհրաժեշտ: Միջազգային հարաբերություններում պետք է ակտիվ լինենք, շատ դաշնակիցներ ունենանք, որ մեր թշնամիներն էլ դա տեսնեն, հասկանան, որ մեզ հետ թշնամություն անելն իրենց ձեռնտու չէ:

Նախորդ հոդվածը‘Տրանսպորտային հանձնաժողովի նիստին ԲՀԿ-ն ու «Բարեւ, Երեւանը» ներկա չէին. Որոշումներն ընդունվեցին առանց խմբագրման’
Հաջորդ հոդվածը‘Պուտինն առաջարկում է ահաբեկչության վնասները փոխհատուցել ահաբեկիչների հարազատների միջոցով’