‘Ազատամարտիկ. Նման քայլերով ո՛չ ազատամարտիկներին, ո՛չ ժողովրդին չեք վախեցնելու (տեսանյութ)’

1261

Քիչ առաջ Ազատության հրապարակում մեկնարկել է ԱԺ երեք ընդդիմադիր քաղաքական ուժերի կողմից կազմակերպված հանրահավաք-երթը՝ նվիրված Մարդու իրավունքների միջազգային օրվան: Ելույթով հանդես եկավ Ազատամարտիկների դաշինքի վարչության անդամ Սմբատ Հակոբյանը:

«Ձեր բոլորի հոգսը մեր հոգսն է, նույն ցավը, որ ձեզ հավաքել է այստեղ, մեր ցավն է, օրնիբուն Ազատամարտիկների դաշինքը կամուրջի դեր կատարելով՝ հանդիպում է բոլոր այն ուժերին, ովքեր ջատագովն են օր առաջ հասնել իշխանափոխության: Այսօր ես իմ ընկերների անունից պարտավորված եմ տեղեկացնել, որ վերջին օրերին իշխանական ապարատը ոտնձգություններ է սկսել ազատամարտիկների հանդեպ: Ինչպես տեղյակ եք, նախորդ օրը քաշքշուկի մեջ են ներքաշել հայտնի հրամանատարներ Ռազմիկ Պետրոսյանին և Մանվել Եղիազարյանին: Ստանալով ադեկվատ պատասխան՝ այդ ուժերը հեռացել են, իսկ այսօր առավոտյան էլ դաժանաբար ծեծի է ենթարկվել Ազատամարտիկների դաշինքի վարչության անդամ Սուրեն Սարգսյանը, որը հիմա հիվանդանոցում է գտնվում: 

Ազատամարտիկների դաշինքը իշխանություններին խոհեմության կոչ է անում և հայտարարում, որ նման քայլերով ո՛չ ազատամարտիկներին, ո՛չ ժողովրդին չեք վախեցնելու, որևէ ծեծ ու բռնություն մեր վրա վախի ազդեցություն չի թողնելու, մենք գիտենք, որ մեր գործն արդար է, և կանգնելու ենք մինչև վերջ: 

Ես կոչ եմ անում բոլոր ազատամարտիկներին սույն թվականի դեկտեմբերի 13-ին հավաքվել Եռաբլուրում: Այն մարդիկ, ովքեր ջատագովն են վաղվա մեր պայծառ օրվան, ովքեր պատասխանատվություն են զգում վաղվա սերնդի առաջ, թող հավաքվեն Եռաբլուրում՝ այն սրբատեղիում, որտեղ մեր սրբագույն տղաներն են, որտեղ սկսվել, բայց դեռ չի ավարտվել մեր ազատամարտը»,- հայտարարեց ազատամարտիկը:

Նախորդ հոդվածը‘Շվեյցարիան մերժել է Ժնևի ՄԱԿ-ի պուրակում Հայոց ցեղասպանության հուշարձան կանգնեցնելու առաջարկը’
Հաջորդ հոդվածը‘Դպրոցական արձակուրդը կսկսվի դեկտեմբերի 29-ից’