‘«Ազատություն». Իջևանյան բախումների փաստով հարուցվել է քրեական գործ’

1764

Երեկ Իջևանում ոստիկանների և բողոքի ակցիայի մասնակիցների միջև տեղի ունեցած բախումներից հետո մի քանի տասնյակ անձինք բերման են ենթարկվել, հարուցվել է քրեական գործ, «Ազատությանը» հայտնել է Հայաստանի ոստիկանության լրատվական ծառայության ղեկավար Աշոտ Ահարոնյանը՝ հավելելով, որ  տարբեր վնասվածքներ ստացած 11 ոստիկաններ դիմել են հիվանդանոց՝ բուժօգնության․ վնասվածքները հասցվել են հիմնականում նետված քարերով և փայտե ձողերով: Հիվանդանոց է դիմել նաև մեկ քաղաքացիական անձ:

Ըստ Ահարոնյանի՝ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը երեկ գիշերվանից գտնվում է Իջևան քաղաքում:

Ճանապարհները բաց են: Իջևանում են Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողներ, որոնք վերահսկում են իրավիճակը։

Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Նաիրա Հարությունյանը «Ազատության» հետ զրույցում հայտնել է, որ Իջևանում տեղի ունեցած բախումների փաստով հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ մասերի՝ «խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ և զուգորդվել է իշխանության ներկայացուցչին անձին դիմադրություն ցույց տալով, անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով», 316-րդ հոդվածի 2-րդ մասի՝ «իշխանության ներկայացուցչին՝ օրենքով նրա վրա դրված պարտականությունները կատարելու ժամանակ դիմադրելը, որը կատարվել է բռնությամբ կամ բռնություն գործադրելու սպառնալիքով», հատկանիշներով:

Գործը քննվում է Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության (ՀԿԳ) գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում: ՀԿԳ գլխավոր վարչության պետի հանձնարարությամբ կազմվել է քննչական խումբ, մշակվել է քննչական պլան:

«Այս պահին մի քանի տասնյակ անձինք բերման են ենթարկվել Ոստիկանության Իջևանի բաժին, ինչպես նաև Երևանի ոստիկանության 6-րդ վարչություն», — ասել է Հարությունյանը:

«Ազատությունը» հիշեցնում է, որ երեկ Իջևանում մի քանի տասնյակ քաղաքացիներ փակել էին միջպետական ավտոմայրուղին՝ բողոքելով անտառահատումների արգելքի դեմ: Բախումները սկսվել են, երբ ոստիկանները փորձել են բացել ճանապարհը:

 

Նախորդ հոդվածը‘ԱԻՆ. Առաջիկա 5 օրերին ՀՀ-ում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ’
Հաջորդ հոդվածը‘Թոմաս Տուխել. Այժմ Նեյը մնացածի հետ աշխատում է: Կոնֆլիկտ չկա, խնդիր՝ նույնպես’