‘«Ազատ դեմոկրատներ». Շուտով կսկսեն քննարկումները՝ նախագահական ընտրություններին մասնակցելու ձևաչափի վերաբերյալ ‘

861

Հաշվի առնելով, որ քիչ ժամանակ է մնացել նախագահական ընտրությունների առաջադրման գործընթացին, «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը շուտով կսկսի քննարկումները՝ ընտրություններին մասնակցելու ձևաչափի վերաբերյալ: Այս մասին iLur.am-ի հետ զրույցում ասաց «Ազատ դեմոկրատների» մամուլի խոսնակ Անժելա Խաչատրյանը: 

«Թե ինչ օրակարգ կլինի կոնկրետ՝ չեմ կարող ասել: Երբ սկսեն քննարկումները, այդ ժամանակ էլ կլինի հստակ օրակարգ: Հաշվի առնելով վերջին զարգացումները՝ Րաֆֆի Հովհաննիսյանին սատարելու հարցը դրված չէ: Օրակարգը առաջիկայում վերջնականապես կհաստատվի, և կմտնենք քննարկումների ակտիվ փուլ: Առայժմ մենք խոսակցությունների մակարդակով քննարկում ենք զանազան տարբերակներ»,- նշեց Խաչատրյանը: 

Մեր այն հարցին, թե այսինքն չի՞ բացառվում, որ Րաֆֆի Հովհաննիսյանին սատարելու հարցը հայտնվի կուսակցության օրակարգում, Անժելա Խաչատրյանն այսպես պատասխանեց. «Ես կարծում եմ, որ նման հարց օրակարգում չի լինի»: 

Հիշեցնենք, որ երեկ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է առաջիկա նախագահական ընտրություններում իր առաջադրման մասին:

 

Նախորդ հոդվածը‘Հույներից յուրաքանչյուր հինգերորդը հայտնվել է աղքատության եզրին ‘
Հաջորդ հոդվածը‘Բրիտանացին «Հելոուինի» կապակցությամբ երեխաներին կոկաին է նվիրել’