‘Ազատ Սարգսյանի մահվան կապակցությամբ հետաձգվել են Ա. Խաչատրյան սրահում նախատեսված համերգները’

1505

Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը, որը պետք է մեկնարկեր դեկտեմբերի 17-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում, հետաձգվել է կազմակերպիչների համար «ոչ հստակ» պատճառներով:

Ամենամյա փառատոնը, որն այս անգամ նվիրված է Ռոմանոս Մելիքյանի ծննդյան 130 եւ պետական կոնսերվատորիայի 90-ամյակներին, կմեկնարկի արդեն հաջորդ տարի` հունվարի 23-ին: Այս մասին դեկտեմբերի 17-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար, դիրիժոր Սերգեյ Սմբատյանը:

iLur.am-ին երաժշտական շրջանակներից հասած տեղեկությունների համաձայն, փառատոնի հետաձգումը կապված է Սերժ Սարգսյանի հոր` Ազատ Սարգսյանի մահվան հետ: Մասնավորապես, ըստ մեր աղբյուրի, փառատոնի հետաձգման մասին կազմակերպիչներին` Պետական նվագախմբին հայտարարել են դրա մեկնարկի նախորդ երեկոյան` «ներքին կարգով» տեղեկացնելով, որ պատճառը Սարգսյանի մահն է:

Պետական երիտասարդական նվագախմբում չհերքեցին այս տեղեկությունը:    

Նվագախմբի նախագծերի իրականացման մասով պատասխանատու Լիլիթը նախ iLur.am-ին հայտնեց, որ հետաձգման պատճառները հայտնի չեն` խոստանալով, որ ճշտելուց հետո տեղեկատվություն կտրամադրի ավելի ուշ: Մի քանի ժամ անց Լիլիթը մեզ տեղեկացրեց, որ փառատոնը, ամենայն հավանականությամբ, հետաձգվել է «սոլիստներից» մեկի չժամանելու պատճառով: Պատասխանատուն, սակայն, դժվարացավ նշել «սոլիստի» անունը եւ` թե ինչ գործիք է նա նվագում: Ամեն դեպքում, Լիլիթը նշեց, որ փառատոնը տարիներ ի վեր անցկացվում է «ՀՀ նախագահի բարձր հովանու ներքո»:   

Մեր խնդրանքին ի պատասխան, այնուամենայնիվ, ճշտել` որքանով փառատոնի հետաձգումը կապ ունի Սերժ Սարգսյանի հոր մահվան հետ, ինչու է այն հետաձգվել ավելի քան մեկ ամսով, մեր զրուցակիցը խոստացավ պատասխանել ավելի ուշ: Էլի մի քանի ժամ անց, արդեն աշխատանքային օրվա վերջին, Երիտասարդական նվագախմբին ուղղված մեր հեռախոսազանգերին պատասխանող չկար:

Նախորդ հոդվածը‘Հայ-ռուսական համաձայնագրերի հակապետական բովանդակությունը ‘
Հաջորդ հոդվածը‘Հայաստանի միջբանկային շուկայում արտարժույթով իրականացված անկանխիկ գործարքների ծավալը կազմել է 200 հազ.դոլար ‘