‘Ազգային Ժողովը մերժեց Մարտի 1-ի հանձնաժողովի նախագիծը.Տեսանյութ’

1808

Ազգային Ժողովը 66 դեմ, 46 կողմ եւ 1 ձեռնպահ ձայներով մերժեց 2008-ի մարտի 1-2-ի դեպքերի բացահայտման հարցում պատկան մարմինների գործողությունների իրավաչափությունը քննող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախագիծը:

Քվեարկությունից առաջ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը մեկ անգամ եւս հայտարարեց, որ «Բարգավաճ Հայաստանը» պատրաստ է քննարկել Մարտի 1-ի վերաբերյալ ցանկացած հարց` «նույնիսկ` մեկ կենտրոնից հրահրված հարցերը»:

«Հանրապետական» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի խոսքով՝ ամբողջական պատասխանատվությունը հարցի վերաբերյալ իշխանությունների վրա է:

«Մենք, ուսումնասիրելով նախորդ երեք հանձնաժողովների աշխատանքը, գտնում ենք, որ նպատակահարմար չէ այսօր հանձնաժողով ստեղծելը, մենք դեմ ենք քվեարկելու», — ասաց նա:

Նախագծի համահեղինակ եւ հիմնական զեկուցող, «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը նշեց, որ շոուի նպատակ նախագծի հեղինակները չեն հետապնդել:

«Ցավում եմ, որ քննարկման ընթացքում որեւէ բովանդակային առաջարկ չհնչեց, բացի Արտակ Դավթյանի առաջարկից:  Զարմանում եմ, որ բոլոր պատգամավորները կողմ են, որ մարդասպանությունները բացահայտվեն, բայց որոշները դեմ են հանձնաժողովի ստեղծմանը: Իրավապահները չեն անում, մենք էլ հրաժարվում ենք գործնական քայլեր ձեռնարկել», — ասաց պատգամավորը` կրկին հորդորելով կողմ քվեարկել նախագծին:

Կոնգրեսի խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, անդրադառնալով Գալուստ Սահակյանի ելույթին, նշեց, որ նախորդ հանձնաժողովների գործունեությունը հարցին որեւէ առնչություն չունի: «Իրականում, այս հանձնաժողովը պետք է ոչ թե ուսումնասիրեր Մարտի 1-ի սպանությունները, այլ պետք է ուսումնասիրեր, թե իրավապահ մարմինները արդարադատության խոչընդոտման ինչ փորձեր են կատարել: Եվ, եթե չեք քվեարկում կողմ, դա նշանակում է, որ արդարադատության խոչընդոտման համար ողջ պատասխանատվությունը վերցնում եք ձեր ուսերին, ինչպես նաեւ՝ այդ արյան համար պատասխանատվությունը», — ասաց Զուրաբյանը:

Կողմ քվեարկելու կոչ արեց նաեւ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:

Քվեարկությունից անմիջապես առաջ, ըստ կանոնակարգի՝ վարման կարգի վերաբերյալ խոսք խնդրեց նաեւ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, սակայն Հովիկ Աբրահամյանը նրան ելույթի հնարավորություն չտվեց: «Դուք խախտում եք վարման կարգը», — տեղից նշեց Արամ Մանուկյանը:

Նշենք, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց «66 դեմ», թեեւ լուսատախտակի վրա դեմերի թիվը 65 էր: Նախագծին, ըստ լուսատախտակի, կողմ է քվեարկել նաեւ իշխանական մեծամասնությունը ներկայացնող պատգամավորներից մեկը:  

 

Նախորդ հոդվածը‘Ուղիղ միացում ԱԺ-ից’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանը նոր վարկ է վերցնում ‘