Ազգերի լիգա․ Ֆրանսիան կամային հաղթանակ տարավ բելգիացիների նկատմամբ եւ եզրափակիչում է (տեսանյութ)

439

Ֆուտբոլի աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականը դուրս եկավ Ազգերի լիգայի եզրափակիչ։ Թուրինում տեղի ունեցած կիսաեզրափակիչի խաղում ֆրանսիացիները 3։2 հաշվով կամային հաղթանակ տարան աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Բելգիայի թիմի նկատմամբ։  Առաջին խաղակեսում 2։0 հաշվով առավելության հասան բելգիացիները։

37-րդ րոպեին հաշիվը բացեց Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Աթլետիկոյի» 28-ամյա հարձակվող Յանիկ Կարասկոն։

4 րոպե անց իսպանացի Ռոբերտո Մարտինեսի գլխավորած թիմի առավելությունը կրկնապատկեց Չեմպիոնների լիգայի գավաթակիր Լոնդոնի «Չելսիի» 28-ամյա հարձակվող Ռոմելու Լուկակուն։

Երկու դրվագում էլ գոլային փոխանցումը կատարեց Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» 30-ամյա կիսապաշտպան Կեւին դե Բրույնեն։

Ընդմիջումից հետո Ֆրանսիայի հավաքականը Մադրիդի «Ռեալի» 33-ամյա հարձակվող Քարիմ Բենզեմայի եւ փարիզյան ՊՍԺ-ի 22-ամյա հարձակվող Կիլիան Մբապեի շնորհիվ վերականգնեց հավասարությունը։

62-րդ րոպեին Մբապեի փոխանցումից հետո աչքի ընկավ Բենզեման։ 69-րդ րոպեին Մբապեն արդյունավետ իրացրեց 11 մետրանոցը։

Բելգիացիները կարողացան վերջին րոպեներին խփել նաեւ երրորդ գոլը։ 87-րդ րոպեին երկրորդ անգամ Լոնդոնի «Տոտենհեմի» 34-ամյա դարպասապահ Ուգո Լյորիսի պաշտպանած դարպասը գրավեց Ռոմելու Լուկակուն, սակայն VAR-ը ցույց տվեց խաղից դուրս վիճակ եւ գոլը չգրանցվեց։

Իսկ ֆրանսիացիների երրորդ գոլը գրանցվեց։ Հիմնական ժամանակի վերջին րոպեին իտալական «Միլանի» 24-ամյա պաշտպան Տեո Էրնանդեսը խփեց Դիդյե Դեշամի գլխավորած թիմի հաղթական գոլը։ Նա առաջին անգամ աչքի ընկավ ազգային թիմում։

Հոկտեմբերի 10-ին Միլանում անցկացվելիք եզրափակիչում աշխարհի չեմպիոնները կմրցեն Իսպանիայի հետ, որը 2։1 հաշվով հաղթել էր Եվրոպայի չեմպիոն Իտալիային։ Բելգիան ու Իտալիան նույն օրը կխաղան երրորդ տեղի համար։

Ազգերի լիգա, կիսաեզրափակիչ

Բելգիա — Ֆրանսիա՝ 2։3 (տեսանյութ)

Յանիկ Կարասկո, 37, Ռոմելու Լուկակու, 41 — Քարիմ Բենզեմա, 62, Կիլիան Մբապե, 69, 11մ, Տեո Էրնանդես, 90

Նախորդ հոդվածըՈւկրաինայի սահմանապահ ծառայությունը ստուգումներ է սկսել Սաակաշվիլիի կապակցությամբ
Հաջորդ հոդվածըԿապառոս․ Հույս ունենք, որ նախորդ երեք խաղերի տրամաբանությունն այլեւս չի կրկնվի