‘Ազնավուրը կոչ է անում Վարդան Պետրոսյանին տեղափոխել հիվանդանոց ‘

784

Աշխարհահռչակ  շանսոնյե Շառլ Ազնավուրը Facebook սոցիալական ցանցի իր էջում զետեղել է գրառում, որում ասվում է.

«Սիրելի ընկերներ, օգնեք Վարդան Պետրոսյանին՝ ստորագրելով այս օնլայն-միջնորդագիրը, որպեսզի նա շտապ տեղափոխվի հիվանդանոց ու ստանա իր հետագա կյանքի համար անհրաժեշտ խնամք: Նա մեզանից յուրաքանչյուրի կարիքն ունի: Շնորհակալություն»: Նյութի թողարկման պահին միջնորդագրի ներքո ստորագրել էր ավելի քան 4.7 հազար մարդ: Միջնորդագիրը զետեղված է www.avaaz.org կայքում: Հիշեցնենք, որ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ՝ Վարդան Պետրոսյանին կալանավորել են և դատարանի դահլիճից տեղափոխել դատապարտյալների հիվանդանոց: Այդպիսով, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Պետրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքն ընտրելու վերաբերյալ Ոստիկանության միջնորդությունը: Դերասանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (փոխադրամիջոցի հետ անզգույշ վարվելը, որը հանգեցրել է երկու և ավելի մարդու մահվան): Այդ հոդվածը նախատեսում է 4-10 տարի ազատազրկում:  Հիշեցնենք, որ նոյեմբերի 6-ին կայացվել էր Վարդան Պետրոսյանին ձերբակալելու որոշում` հոկտեմբերի 20-ին Երևան-Եղվարդ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի առնչությամբ, որի հետևանքով երկու մարդ է մահացել: Ընդհանուր առմամբ, ավտովթարից տուժել էր 7 մարդ, որոնց թվում` նաև Վարդան Պետրոսյանը: Նրան վիրահատել են և նոյեմբերի 3-ին դուրս գրել հիվանդանոցից:

 

Նախորդ հոդվածը‘Էդվարդ Նալբանդյանը կհանդիպի Սերգեյ Լավրովի հետ’
Հաջորդ հոդվածը‘Երևանում հնդիկ ուսանողը դանակահարել է աղջկան և ինքնասպանություն գործել’