‘Ազնավուրի հրաժեշտի համերգը՝ 2014-ի հունիսի 1-ին, Լոնդոնում’

1060

2014 թ. հունիսի 1-ին աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը կրկին ելույթ կունենա Լոնդոնում: Այս անգամ Ազնավուրը հրաժեշտի համերգ կտա և կնշի իր 90-ամյակը, հայտնում է PanArmenian.net-ը՝ հղում անելով French Radio of London-ին: Համերգը կանցնի Royal Albert Hall-ում, որտեղ հոկտեմբերին Ազնավուրն արդեն ելույթ է ունեցել:

Իր ավելի քան 60-ամյա կարիերայի ընթացքում Ազնավուրը վաճառել է մոտ 100 մլն ալբոմ և գրել 1200 երգ: Նա նկարահանվել է 80 ֆիլմերում և հազար համերգ տվել աշխարհով մեկ:

Շառլ Ազնավուրը (իսկական անունը՝ Շահնուր Վաղինակ Ազնավուրյան), նշանավոր ֆրանսահայ շանսոնիե է, երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ: Ծնվել է 1924 թ. մայիսի 22-ին, Փարիզում, հայ գաղթականներ Միշա և Քնար Ազնավուրյանների ընտանիքում։ Ազնավուրի հայրը ծնվել էր Ախալցխայում,[2] արմատներով Էրզրումից էր, իսկ մայրը՝ Իզմիրից: Մանուկ հասակում տարվել է թատրոնով, իսկ 1940-ական թթ. Պիեռ Ռոշի հետ հանդես է եկել կաբարեում։ Առաջին երգը՝ «Ես արբած եմ» (1944), Ժորժ Ուլմյերի կատարմամբ, արժանացել է «Տարվա ձայնապնակ» մրցանակին, սակայն Ազնավուր-կատարողին հանդիսատեսը երկար ժամանակ չի ընդունել։ Համաշխարհային հռչակ է ստացել 1956-ին, Փարիզի «Օլիմպիա» դահլիճում հաջող ելույթից հետո։ «Ֆրանսիան ազնավուրացված է»,- գրել է ֆրանսիական մամուլը։

Բազմաթիվ միջազգային հիթերի հեղինակ է՝ «Մաման», «Բոհեմը», «Դեռ երեկ», «Երիտասարդություն», «Պետք է գիտնալ», «Նա», «Երկու կիթառ», «Ինչպես ասում են», «Հավերժական սեր», «Ավե Մարիա» և այլն։ Ցայսօր վաճառվել է Ազնավուրի մոտ հարյուր միլիոն ձայնապնակ։ Ամերիկյան Time հանդեսի հարցման համաձայն Ազնավուրը ճանաչվել է «Դարի արվեստագետ»։ Արժանացել է Հայաստանի և Ֆրանսիայի բարձրագույն պետական պարգևներին, «Պատվո սեզարի» (1997)։

2009-ի մայիսից Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է և Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում ու այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը: 1988-ի սպիտակյան ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո հիմնադրել է «Ազնավուրը՝ Հայաստանին» բարեգործական հիմնադրամը։ Հայաստանի մշտական դեսպանն է ՅՈւՆԵՍԿՕ-ում։ 1964, 1996 և 2006 թթ. համերգներ է տվել Հայաստանում։ Գյումրիում կանգնեցված է Ազնավուրի արձանը, նրա անունով է կոչվում Երևանի հրապարակներից մեկը:

Նախորդ հոդվածը‘Զինծառայողի դին հայտնաբերվել է նույն զորամասում, որտեղ սպանվել էր Արտակ Նազարյանը’
Հաջորդ հոդվածը‘Գալշոյանական ոգին, նրա թողած ժառանգությունը ապրում են սերունդների մեջ’