«Ազովստալը» շարունակում է դիմադրել

474

Ռուսաստանյան զորքերը շարունակում են «Ազովստալ» գործարանի ռմբակոծությունը։

Կրեմլը հերքում է Մարիուպոլում դիմադրության վերջին պատվարը գրոհելու վերաբերյալ լուրերը՝ վկայակոչելով Ռուսաստանի նախագահի հեռուստաեթերով տրված հրամանը՝ դա չանել։

Գործարանում գտնվող ուկրաինացի զինվորականները պնդում են, որ Ռուսաստանը խախտում է իր խոստումը՝ կրակը դադարեցնելու և խաղաղ բնակչությանը տարհանելու վերաբերյալ։

Ռուսաստանի նախագահն իր հերթին «Ազովստալի» պաշտպաններին կոչ է արել զենքը վայր դնել, իսկ Կիևը հայտարարել է, որ դա չի լինի։

«Մարիուպոլում, «Ազովստալում» իրավիճակը ծայրահեղ լարված է։ Ռուսաստանյան զորքերը ռմբակոծում են գործարանը և շարունակում են անդադար գրոհել։ Երեկ և այսօր գիշերը նրանք փորձել են ներխուժել գործարանի տարածք։ Մեր զինվորները հերոսաբար պահել են դիրքերը։ Դիմադրությունը շարունակվում է՝ մինչև վերջին փամփուշտը, մինչև ուժերն սպառվելը»,- հաղորդել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը։

Նախորդ օրը ռուսաստանյան լրատվամիջոցները հաղորդել են, թե ուկրաինացի զինվորականները պահանջում են խաղաղ բնակիչներին փոխանակել սննդամթերքի և դեղորայքի հետ։ Կիևը չի մեկնաբանում այս լուրը։

Փոխանցում է euronews-ը։

Նախորդ հոդվածըԼիզա Ճաղարյան. Ստահակների հույսին մնացած Հայաստանս
Հաջորդ հոդվածըԼուկաշենկո․ «Այդ գործողությունը շատ ձգձգվեց»