‘Աթենքի կենտրոնում նախօրեին ձերբակալված 35 ակտիվիստների համակիրները բողոքի ցույցեր են իրականացնում’

678

Հունվարի 31-ին հունական արհմիությունների կոչով հարյուրավոր ցուցարարներ են հավաքվել Աթենքի կենտրոնում՝ նախօրեին աշխատանքի նախարար Յանիս Վրուցիսի աշխատասենյակը գրավելու փորձի համար ձերբակալված 35 ակտիվիստներին աջակցություն հայտնելու նպատակով: Ցույցը տեղի է ունենում Աթենքի դատարանի շենքի դիմաց, որտեղ քիչ հետո ընթանալու է ձերբակալվածների գործով առաջին դատավարությունը, հայտնում է РИА Новости-ն:

Հունաստանի ПАМЕ կոմունիստական արհմիության ակտիվիստները մեղադրվում են հասարակական կարգը խանգարելու և սեփականությունը ոչնչացնելու մեջ: Բոլոր ձերբակալվածներին սպառնում է իրական ազատազրկում:

Հիշեցնենք, որ չորեքշաբթի առավոտյան գրեթե 40 ցուցարարներ ներխուժել են Հունաստանի աշխատանքի նախարարի գրասենյակ՝ պահանջելով հանդիպում կազմակերպել վերջինիս հետ, այնուհետև մտել են նախարարի աշխատասենյակ և, դատելով հաջորդ օրը մամուլով հրապարակված լուսանկարներից՝ ավերածությունների ենթարկել այն:

Նախարար Վրուցիսը հայտարարել է, որ գերատեսչությունն ուժով գրավելու փորձը չի լուծում խնդիրը, իսկ ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչ Սիմոս Կեդիկօղլուն կոչ է արել քաղաքական ուժերին դատապարտել նման դրսևորումները:

Ինչ վերաբերում է արհմիության ակտիվիստներին, ապա նրանք պնդում են, որ նախարարի աշխատասենյակի ավերածությունները պատկերող լուսանկարները կեղծ են և նպատակ ունեն ճնշումների ենթարկելու իրենց:

Նախորդ հոդվածը‘Հիտլերի ավստրիական տունը կվերածվի ներգաղթյալների կենտրոնի ‘
Հաջորդ հոդվածը‘Առաջին հանդիպումը՝ Իսլանդիայի հավաքականի հետ’