‘ԱԺ արտահերթ ընտրություններ հենց ՀՀԿ-ականները պիտի ցանկանան’

7516

Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները շարունակում են երգել նույն երգը, թե արտահերթ խորհրդարանական ընտրությունների անրաժեշտություն չեն տեսնում ու չեն տեսնում: Այն դեպքում, երբ առաջինը հենց իրենք պիտի համաձայնեին դրան:

Բայց չէ, ասում են, թե չեն տեսնում, ու վերջ:

Ապրիլին իշխանափոխության անհրաժեշտություն էլ չէին տեսնում: Բայց եղավ: Նիկոլ Փաշինյանին ընտրելու անհրաժեշտություն էլ չէին տեսնում, բայց ընտրեցին:

Հիմա էլ արտահերթ ընտրություններին են դեմ: ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովն էլ ասում է՝  «եթե ԱԺ-ն գնաց ցրման, Հայաստանում վերջ է դրվում բազմակարծությանը, Հայաստանում գալու է պետական մակարդակով Նիկոլի պաշտամունք, վերջ։ Պարզ է, չէ՞, թե այս էյֆորիկ ֆոնի վրա ինչ է լինելու»։ Այսինքն, Շարմազանովը ենթագիտակցաբար խոստովանում է, որ եթե արտահերթ խորհրդարանական ընտրություններ լինեն, իրենք ԱԺ-ից դուրս կմնան: Է, հա, դա նորությո՞ւն է, դա բոլորին է պարզ:

Պարզ չէ միայն, թե հանրապետականներն ինչո՞ւ են ընկել իրենք իրենց հետեւից: Այո, արտահերթ ընտրությունները ժողովրդի ցանկությունն է: Այո, ակնհայտ է, որ ժողովուրդն այդ ընտրություններում քվե չի տալու հանրապետականներին: Բայց ակնհայտ է նաեւ, որ ինչքան հանրապետականները դիմադրում են քաղաքացիների պահանջներին, այնքան միայն իրենց են վնասում, իրենց՝ առանց այդ էլ ցածր վարկանիշն է ընկնում, հատկապես, որ վերջում, միեւնույն է՝ ստիպված կատարում են ժողովրդի պահանջները: Է, եթե կատարելու եք, էլ հոխորտալու ու դիմադրելու իմաստը ո՞րն է՝ եթե դրանով միայն ձեր վարկանիշին ու քաղաքական գոյությանն եք վնասում:

Եթե հանրապետականները իրենց կարողանան դուրս դնել զգայական ու նյարդային պոռթկումներից ու ռեակցիաներից եւ զուտ տրամաբանությամբ դատեն, ապա կտեսնեն, որ հենց ՀՀԿ-ի շահերի տեսանկյունից ելնելով՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններին ամենառաջինը համաձայնություն տալը հենց իրենց շահերից է բխում: Ինչքան շուտ եւ ինչքան շատ համաձայնեն, այնքան ժողովրդի բացասական վերաբերմունքը քիչ կզգան, դա էլ, իր հերթին, հնարավորություն կտա հանրապետականներին՝ առաջիկա տարիներին ճիշտ վարքագիծ դրսեւորելու դեպքում քիչ թե շատ ռեաբիլիտացվել եւ գուցե մյուս խորհրդարանական ընտրություններին քվե ստանալ: Իսկ չոր ու գռեհիկ դիմադրության դեպքում ու հոխորտալից խոսքերով նրանք միայն իրենց են վատություն անում՝ իրենց զրկում են այն բանից, որ հետագայում քաղաքականապես ռեաբիլիտացվելու գոնե 0.5 տոկոս հնարավորություն ունենան:

Սա ակնհայտ է: Զարմանալի է միայն, որ այս պարզ ճշմարտությունը չեն հասկանում հենց իրենք՝ հանրապետականները: Կամ գուցե հասկանում են, սակայն, դիմադրում են հասկանալով: Եթե այդպես է, ապա դա արդեն շատ լուրջ է: Նշանակում է, որ հանրապետականները գիտակցաբար են գնում քաղաքական մահվան:

Ի.Պողոսյան

Նախորդ հոդվածը‘Սարի թաղի դեպքերի վերաբերյալ քրեական գործով վարույթը կասեցվել է’
Հաջորդ հոդվածը‘Առաջին Apple համակարգիչներից մեկն աճուրդում վաճառվել է 375 հազար դոլարով’