‘ԱԺ. Եռյակը արտահերթ նախաձեռնություններ կներկայացնի (Տեսանյութ)’

1206

Քիչ առաջ ավարտվեց Եռյակի այս տարվա առաջին նիստը, որի ընթացքում քննարկվեց հինգ հարց: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը Եռյակի անունից հայտարարեց, որ որոշում է կայացվել երկուշաբթի օրը ԱԺ արտահերթ նստաշրջան հրավիրելու գործընթաց սկսել՝ «Շրջանառության հարկի մասին» օրենքում անհապաղ փոփոխություններ մտցնելու օրակարգով: Հակոբյանը հայտարարեց, որ Եռյակը համակողմանի աջակցություն է ցուցաբերում օրենքի փոփոխության համար այս օրերին պայքարող քաղաքացիներին:

Եռյակը անդրադարձ է կատարել նաեւ հունվարի 12-ին Գյումրում տեղի ունեցած ողբերգությանը եւ որոշել է առաջարկ ներկայացնել ԱԺ նախագահին՝ հարցի քննարկման համար փակ խորհրդարանական լսումներ կազմակերպելու նպատակով: «Մենք ուզում ենք, որ քննարկումը փակ լինի, որպեսզի որեւէ շահարկման կամ շոուների մասին խոսակցություններ չլինեն»,- ասաց Հակոբյանը՝ հավելելով, որ քննարկմանը հրավիրվելու են բոլոր պատկան մարմինների՝ ԱԳՆ-ի, ԱԱԾ-ի, ոստիկանության եւ դատախազության ղեկավարները:

Ռուբիկ Հակոբյանը տեղեկացրեց նաեւ, որ Եռյակը փետրվարի 2-ին կրկին արտահերթության կարգով քննարկման կներկայացնի կառավարման ճգնաժամի մասին հայտարարության նախագիծը, որը ՀՀԿ-ն ձախողել էր նախորդ նստաշրջանում: Եռյակոը որոշել է նաեւ, նախորդ նստաշրջանների նման, հրաժարվել մասնակցելու հաշվիչ հանձնաժողովի ձեւավորմանը, որովհետեւ, Հակոբյանի խոսքով, առաջարկված համամասնությունն ապահովում է քաղաքական մեծամասնության գերակայությունը հանձնաժողովում, եւ, քանի որ ոչինչ չի փոխվել, Եռյակը կշարունակի բոյկոտը:

«Եռյակը քննարկել է նաեւ այլ հարցեր, այդ թվում՝ հետագա զանգվածային գործողություն վերաբերյալ»,- հավելեց Ռուբիկ Հակոբյանը՝ տեղեկացնելով, որ փետրվար ամսից հետո ակնկալվում է երեք կուսակցությունների առաջնորդների հանդիպում: 

Նախորդ հոդվածը‘Վահագն Խաչատրյան. «Շրջանառության հարկի մասին» օրենքը կործանարար է պետության համար’
Հաջորդ հոդվածը‘Ձեռներեցների բոլոր առաջարկները մանրամասն կքննարկվեն. Կառավարություն’