‘ԱԺ Էթիկայի հանձնաժողով. Մհեր Սերդրակյանը խախտել է էթիկայի կանոնները’

931

Ազգային ժողովի Էթիկայի հանձնաժողովը, այսօրվա դռնփակ նիստում քննարկելով «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի դիմումը, որոշեց, որ ԱԺ հանրապետական պատգամավոր Մհեր Սեդրակյանը «Ա1+»-ի լրագրող Մհեր Արշակյանի հետ խորհրդարանում տեղի ունեցած միջադեպի ընթացքում խախտել է էթիկայի կանոնները: Այս մասին նիստի ավարտից հետո լրագրողներին հայտնեց հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը:

Ինչպես հաղորդում է «Փաստինֆո» գործակալությունը, հանձնաժողովը հանգել է եզրակացության, որ պատգամավորը, խախտել է ԱԺ կանոնակարգ-օրենքի 6.1-րդ հոդվածի 2-րդ մասի «է» կետը, այն է\’ ամենուր և ցանկացած գործունեությամբ զբաղվելիս դրսևորել պատգամավորին վայել վարքագիծ:

Հիշեցնենք, որ ՀՀԿ խմբակցության անդամը\’ ի պատասխան լրագրողի հարց տալու փորձին, ասել էր. «Դավա՜յ, դավա՜յ, յալլա՜, կտամ ծնոտդ կպոկեմ»:

ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն, Էթիկայի հանձնաժողովի նախագահը հանձնաժողովի որոշումները և եզրակացությունները հրապարակում է Ազգային ժողովի առաջիկա չորսօրյա նիստերում, որից հետո դրանք տեղադրվում են ԱԺ-ի ինտերնետային կայքում: Որոշման քննարկում նախատեսված չէ, սակայն, ինչպես նշեց Դ.Հարությունյանը. «Հանձնաժողովների որոշումները կարևոր են, որովհետև ի վերջո մենք ձևավորում ենք մեր վարքագիծը»:

Հանձնաժողովի այսօրվա նիստի օրակարգային երկրորդ հարցի\’ «Ռազմավարական մշակումների կենտրոն» ՀԿ-ի դիմումի քննարկման արդյունքում Էթիկայի հանձնաժողովը որոշեց կարճել վարույթը: «Հանձնաժողովը հանգել է այն եզրակացության, որ ձեռնարկատիրական գործունեության տարրեր այնպես, ինչպես սահմանված են օրենքով, առկա չեն»,-ասաց Դ.Հարությունյանը:

Հիշեցնենք, որ «Ռազմավարական մշակումների կենտրոն» ՀԿ-ն խնդրել էր քննության առնել ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանի վարքագիծը\’ հիմք ընդունելով համացանցում հայտնված տեսանյութը, որտեղ վերջինս պատմում է, որ հանդիսանում է տարածքների խոշոր սեփականատեր և հեռախոսով բանակցում վարձակալության պայմանների շուրջ ու առաջարկում տարածքներ:

Ի պատասխան «Pastinfo.am»-ի թղթակցի հարցի\’ Դ.Հարությունյանը հայտնեց, որ այս պահին հանձնաժողովը քննարկման ենթակա որևէ դիմում չունի. ստացվել է մեկ դիմում, որը «չի համապատասխանում դիմումին ներկայացվող պահանջներին և, հավանաբար, հետ կուղարկվի»:

 

Նախորդ հոդվածը‘«Բարսելոնան» իսրայելցի եւ պաղեստինցի խաղացողներից կազմված թիմի հետ ընկերական հանդիպում կանցկացնի’
Հաջորդ հոդվածը‘Րաֆֆի Հովհաննիսյան. Տիկին Սարգսյանն ինչպե՞ս է (տեսանյութ)’