‘ԱԺ-ը հաստատեց Իշխան Զաքարյանի թեկնածությունը 88 կողմ, 13 դեմ ձայներով’

891

Ազգային ժողովը հաստատեց Իշխան Զաքարյանի թեկնածությունը Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնում։ ՎՊ նախագահի ընտրությանը մասնակցած 101 պատգամավորներից կողմ քվեարկեց 88-ը, դեմ՝ 13-ը, ձեռնպահ չէր գրանցվել։

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհավորեց Իշխան Զաքարյանին և հրավիրեց ամբիոնի մոտ։ «Շնորհավորում եմ և մաղթում բեղմնավոր աշխատանք»,- ասաց նա։

Ավելի վաղ Հովիկ Աբրահամյանը քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, թե հույս ունի, որ Վերահսկիչ պալատը կշարունակի աշխատանքը նույն եռանդով, սակայն ԱԺ ներկայացրած հաշվետվություններում իրականությանը համապատասխանող գնահատականներ կներկայացնի: iLur.am-ի դիտարկմանը` այսինքն` Զաքարյանը հունիսին ներկայացրած հաշվետվության մեջ զրպարտու՞մ էր՝ հայտարարելով, որ 700 միլիոն դոլարի չարաշահումներ կան, ԱԺ նախագահը կարճ պատասխանեց` «Ոչ»:

Իշխան Զաքարյանն իր հերթին վստահության համար շնորհակալություն հայտնեց Սերժ Սարգսյանին և ԱԺ-ին։ «Իմ թեկնածությունը շատ ավելի պարտավորեցնում է, քան առաջին անգամ իմ ընտրվելու պարագայում։ Ես ինչի մասին ասել եմ ԱԺ-ում, համոզված եղեք, որ անելու եմ»,- նշեց նա։

Ի դեպ, քվեարկությանը, չնայած խմբակցության որոշմանը, մասնակցեցին նաեւ ՀԱԿ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը եւ Հրանտ Բագրատյանը: Նրանք նշեցին, որ «հարգում են խմբակցության որոշումը, բայց օգտվում են սեփական իրավունքից»:

Նախորդ հոդվածը‘«Բերանը կարած» հացադուլավորին ոստիկանները տեղափոխեցին հիվանդանոց’
Հաջորդ հոդվածը‘Դատախազություն. Սերժ Սարգսյանը հանձնարարել է վերանայել Վ.Պետրոսյանի կալանավորումը’