‘ԱԺ-ի մոտ ընթանում է «Սիվիլիթաս» հիմնադրամի կազմակերպած պիկետը (տեսանյութ)’

992

Ազգային ժողովի մոտ մեկ ժամ առաջ մեկնարկել և դեռ շարունակվում է «Սիվիլիթաս» հիմնադրամի կազմակերպած պիկետը: Դրան մասնակցում են ինչպես հիմնադրամի աշխատակիցները, այնպես էլ այլ քաղաքացիներ, որոնք, ամենայն հավանականությամբ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության երիտթևից են: Նրանցից ոմանք բռնել են «Ժողովուրդը Ծառուկյանի հետ է» բովանդակությամբ պաստառներ: Նշենք, որ մասնակիցները հավաքվել են այն մուտքի մոտ, որտեղից ԱԺ են մտնում պատգամավորները: ԲՀԿ-ական պատգամավորներին ծափողջույններով էին դիմավորում, իսկ հանրապետականներին՝ սուլոցներով:

Այդ ընթացքում Ազգային ժողով մտավ հանրապետական պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, որին հավաքվածները դիմավորեցին «ամոթ» վանկարկումներով ու սուլոցներով: Ներկա է «Սիվիլիթաս» հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանը, Վարդան Օսկանյանի փաստաբան Արթուր Գրիգորյանը, ՀԱԿ ակտիվիստ Վարդգես Գասպարին: Քաղաքական այլ ուժերի ներկայացուցիչներ չէին նկատվում:

Մասնակիցները պնդում են, որ Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու դատախազի միջնորդությունը սպառնում է Սիվիլիթասի գործունեությանը:

Նշենք, որ քիչ առաջ մեկնարկել է ԱԺ նիստը, որի ընթացքում պետք է քննարկվի Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի՝ Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը:

Նախորդ հոդվածը‘Ֆինլանդիայի բնակիչը փորձել է վաճառել կնոջը աճուրդում’
Հաջորդ հոդվածը‘«Բարսելոնա» — «Ռեալ հանդիպումը կարող է անսովոր պայմաններում անցնել’