‘ԱԺ ՀՀԿ պատգամավոր. Սերժ Սարգսյանն իր պատասխանով երկխոսությունը տեղափոխել է ռացիոնալ դաշտ’

1347

Սերժ Սարգսյանը Րաֆֆի Հովհաննիսյանին ուղղված իր հայտարարությամբ երկխոսությունը տեղափոխել է ավելի ռացիոնալ, իրատեսական դաշտ: iLur.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանը:

Հիշեցնենք, որ մարտի 22-ին Րաֆֆի Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանին ուղարկել է իր առաջարկությունների փաթեթը, որի ի պատասխան՝ մարտի 23-ին Սերժ Սարգսյանը նամակ-հայտարարություն է տարածել՝ պատրաստակամություն հայտնելով քննարկել Հովհաննիսյանի առաջարկների որոշ կետեր:

«Մեկ կարևոր շեշտադրում կար նաև հայտարարության մեջ: Ի պատիվ այսօրվա իշխանության՝ մենք ընկալում ու հասկանում ենք, որ ուժեղ ընդդիմությունը և՛ մեր իշխանության, և՛ պետության ուժն է, դրան է նաև ուղղված այդ հայտարարությունը, պատասխանը, նաև այն քայլերը, որոնք կատարում է իշխանության թևը»,- մանրամասնեց Հովհաննես Սահակյանը:

Իսկ թե իշխանությունը կբավարարի՞ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ պաշտոնների հետ կապված խնդրանքը, Հովհաննես Սահակյանի կարծիքով՝ ակներև է, որ դա հետագայի հարց է. «Ինչպես տեսնում ենք, դետալները թողնվել են հետագա քննարկումներին»:

Պատասխանելով այն հարցին թե արդյոք նման երկխոսության արդյունքում կարելի է ենթադրել, որ Րաֆֆի Հովհաննիսյանն այլևս չի վիճարկում Սարգսյանի լեգիտիմության հարցը՝ ՀՀԿ-ական պատգամավորն ասաց.

«Չկա լեգիտիմության կամ «չլեգիտիմության» հարց, որովհետև նախագահական ընտրությունները, որպես այդպիսին, կայացած են, իսկ այն խնդիրներն ու հարցերը, որոնք բարձրացնում է Րաֆֆի Հովհաննիսյանը, այսպես ասած՝ պայմանագրային ձևով ուղարկել էր: Դրան ի պատասխան՝ Սերժ Սարգսյանը ավելի իրատեսական ու ռացիոնալ առաջարկ է արել հայտարարության մեջ»:

 

Նախորդ հոդվածը‘«Գոմեշի գործով» հերթական կասկածյալն է ձերբակալվել’
Հաջորդ հոդվածը‘Այնպես մահափորձ անեմ, որ երկու օրից նոր գլխի ընկնես (տեսանյութ)’