‘ԱԺ նիստը ընդմիջվեց. Ընդդիմությունը պահանջում է հետ տանել օրենքները ‘

1381

Քիչ առաջ ԱԺ-ում մեկնարկել է արտահերթ նստաշրջանը, որում կառավարությունը մի շարք կարեւոր օրինագծեր է ներկայացրել, այդ թվում պարտադիր կուտակային կենսաթոշակների մասին փոփոխված օրինագիծը: Ընդդիմության ներկայացուցիչները, սակայն, նիստի մեկնարկին իրենց դժգոհությունը հայտնեցին այն կապակցությամբ, որ նախորդ հագեցած նիստից հետո կառավարությունը ծավալուն օրինագծեր է բերել արտահերթ կարգով, եւ որ այդ նախագծերը հանձնաժողովներում փորձաքննություն չեն անցել, պատգամավորները մինչեւ այս պահը այդ օրենքին ծանոթանալու հնարավորություն չեն ունցել: Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը դա որակեց որպես ոտնձգություն ԱԺ-ի նկատմամբ, եւ այն «շտամպովկա» անող մի մարմնի վերածելու փորձ: Գագիկ Ջհանգիրյանը նշեց, որ ամբողջ խնդիրն այն է, որ նախագծերը հանձնաժողովներում փորձագիտական եզրակացություն չեն անցել, Արամ Մանուկյանն էլ նշեց, որ կառավարությունը բերել է մոտ տաս օրենք, որին իրենք նոր պետք է ծանոթանան, եւ հետեւաբար կարծիք չեն կարողանալու հայտնել:

Լեւոն Զուրաբյանը 20 րոպո ընդմիջում խնդրեց՝ խմբակցությունների ներկայացուցիչների ու ԱԺ նախագահի հանդիպում անցկացնելու համար, որի ընթացքում պետք է քննարկվի ստեղծված իրավիճակը: Այժմ նիստն ընդհատվեց 20 րոպեով: 

Նախորդ հոդվածը‘Օրվա ծաղրանկար. Ով է իրականում բերման ենթարկել ակտիվիստին’
Հաջորդ հոդվածը‘Աֆրիկյանների տան մոտ իրավիճակը լարված է (ֆոտոշարք)’