‘ԱԺ-ն ընդունեց «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխությունների օրինագիծը’

1309

Ազգային ժողովը 92 «կողմ», 6 «դեմ» եւ 13 «ձեռնպահ» ձայներով առաջին ընթերցմամբ ընդունեց «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին փաթեթը:

Փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչների զանգվածային բողոքի եւ ընդդիմադիր քաղաքական ուժերի ճնշման արդյունքում մի քանի անգամ հետաձգված օրենքում կառավարությունը փոխզիջումային փոփոխություններ է մտցրել: Մասնավորապես, շրջանառության նախկին 58 մլն դրամ շեմը ավելացվել է մինչեւ 125 մլն դրամի: Բացի դրանից, հնարավորություն է տրվել տնտեսվարողներին՝ ընտրելու՝ կա՛մ վճարել շրջանառության 5%-ը եւ չփաստաթղթավորել իրացվող ապրանքը, կա՛մ փաստաթղթավորել եւ վճարել 1% շրջանառության հարկ: Նախկին՝ մերժված օրենքով, հիշեցնենք, որ նախատեսվում էր 1% հարկ եւ փաստաթղթավորման պարտադիր պահանջ:  Քվեարկությունից առաջ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը նշեց, որ կառավարությունը, ըստ էության, ընդունել է խմբակցության բոլոր առաջարկությունները:

«Մեր գործընկերները հանդիպել են նաեւ ՓՄՁ ներկայացուցիչների հետ: Քանի որ ընդհանուր առմամբ կոնսենսուս է առկա, մենք կողմ ենք քվեարկելու», — ասաց Մելքումյանը:

Խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն իր հերթին շեշտեց, որ ներկայացված տարբերակը «միանշանակ բավարարում է ձեռնարկատերերին»:

Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն արձանագրեց, որ կառավարությունը բերել է «բավականին ճկուն» մի տարբերակ, որը մեծամասնության համար ընդունելի է: Այնուամենայնիվ, նրա խոսքով, քանի որ չփաստաթղթավորված ծավալների համար նախատեսվում է հարկային դրույքաչափի բարձրացում՝ մինչեւ 5 տոկոս, Կոնգրեսը չի կարող կողմ քվեարկել նախագծին:

«Դեմ» քվեարկեց նաեւ «Ժառանգություն» խմբակցությունը. Ռուբիկ Հակոբյանը նշեց, որ  օրինագծի քննարկումը քաղաքական մշակույթի եզակի դեպքերից է, որ տարբեր բեւեռում գտնվող ուժերը միասնական մոտեցում են ձեւավորում: Այնուհանդերձ, Ժառանգությունը դեմ  քվեարկեց, քանի որ, Հակոբյանի խոսքով, օրինագծում խնդիր դրված չէ՝ սկզբունքորեն պայքարելու ստվերի եւ կոռուպցիայի դեմ: 

Նախորդ հոդվածը‘Ինչո՞ւ է Երվանդ Զախարյանը փակել ընդերքի մասին տվյալները. ՀԲՃ’
Հաջորդ հոդվածը‘ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի և եվրոյի նկատմամբ’