‘ԱԺ ոչ իշխանական խմբակցությունների հայտարարությունը. կդիմեն ՍԴ (տեսանյութ)’

1900

Քիչ առաջ ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը ԱԺ-ի մոտ հավաքվածների առաջ ընթերցեց ԱԺ չորս ոչ իշխանական ուժերի կողմից ընդունված հայտարարությունը: Մինչ այդ նա անդրադարձավ մանդատները վայր դնելու մասին հնչած կոչերին:

«Չգիտես ինչու, տարածվել է տեսակետ, որ եթե ընդդիմադիր պատագամվորները վայր դնեն մանդատները, ապա Աժ-ում առաջանում է անհաղթահարելի քաղաքական ճգնաժամ: Դա բացարձակապես չի համապատասխանում իրականությանը: Միակ հետեւանքը կլինի այն, որ քաղաքական մեծամասնությունը շատ հանգիստ, անպատիժ կշարունակի իր ապօրինի գործունեությունը: Եւ երկրորդ՝ այսօր հնարավոր է դարձել այս բողոքի ալիքը միայն այն բանի շնորհիվ, որ ընդդիմադիր ուժերը լինելով ԱԺ-ում՝ բացահայտում են բոլոր այս հանցագործությունները եւ հրապարակել են այն մեր հասարակության համար, ինչը մոբիլիզացրել է հասարակությանը՝ այդ ապօրինի որոշման դեմ: Այսօր, շնորհիվ պառլամենտական գործունեության, հեղափոխվել է մթնոլորտը թե՛ԱԺ-ում եւ թե՛ երկրում, եւ մենք այս գործը շարունակելու ենք մինչեւ վերջնական հաղթանակ»,- նշեց Զուրաբյանը:

Ապա ընթերցելով ԱԺ 4 խմբակցությունների համատեղ հայտարարությունը, որը բաղկացած է 7 կետից՝ Զուրաբյանը նշեց.

«1. 2013 թվականի դեկտեմբերի 23-ին ԱԺ արտահերթ նստաշրջանում պետք է տեղի ունենար 2013 թվականի դեկտեմբերի 2-ին Երեւանում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի եւ հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագրի քվեարկությունը:

2. Հարցի քվեարկության պահին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ քվեարկության էլեկտրոնային համակարգը չի գործում, եւ քվեարկությունը պետք է տեղի ունենա Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի 61-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով, ըստ որի` էլեկտրոնային համակարգը չգործելու դեպքում ձայները հաշվում է հաշվիչ հանձնաժողովը:

3. ԱԺ կանոնակարգ օրենքի 24-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ հաշվիչ հանձնաժողովի որոշումներն ընդունվում են նրա անդամների ձայների մեծամասնությամբ, այսինքն՝ յոթ անդամից առնվազը 4-ի կողմ լինելու դեպքում: ԱԺ քվեարկության արդյունքները պետք է հաստատվեն հաշվիչ հանձնաժողովի կողմից՝ որոշումներ ընդունելու համար սահմանված կարգով:

4. ԱԺ 5-րդ գումարման 4-րդ նստաշրջանի Հաշվիչ հանձնաժողովում ընդգրկված են՝ Սուքիաս Ավետիսյանը (ՀՀԿ), Տաճատ Վարդապետյանը (ՀՀԿ), Իշխան Խաչատրյանը (ՕԵԿ) Տիգրան Ուրիխանյանը (ԲՀԿ), Լյուդմիլա Սարգսյանը (ՀԱԿ), Արծվիկ Մինասյանը (ՀՅԴ), Թեւան Պողոսյանը («ժառանգություն»):

5. 2013 թվականին դեկտեմբերի 23-ին ԱԺ հաշվիչ հանձնաժողովը, ԱԺ կանոնակարգ օրենքով սահմանված կարգով, որեւէ որոշում չի կայացրել և քվեարկության արդյունքները չի արձանագրել: Հանձնաժողովի յոթ անդամներից չորսը՝ Տիգրան Ուրիխանյանը (ԲՀԿ), Լյուդմիլա Սարգսյանը (ՀԱԿ), Արծվիկ Մինասյանը (ՀՅԴ) և Թեւան Պողոսյանը (ժառանգություն) չեն մասնակցել ԱԺ կանոնակարգ օրենքի 61-րդ հոդվածի 2-րդ մասով կամ 24-րդ հոդվածով նախատեսված որեւէ գործընթացի:

6. Այսպիսով` 2013թ. դեկտեմբերի 23-ին ԱԺ արտահերթ նստաշրջանում Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի եւ հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագրի վավերացման մասին որոշում չի ընդունվել:

7. Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված չէ:

ՀՅԴ — Արմեն Ռուստամյան

ԲՀԿ — Նաիրա Զոհրաբյան

ՀԱԿ — Լևոն Զուրաբյան

«Ժառանգություն» — Զարուհի Փոստանջյան»:  

«Ճիշտ է, ընտրությունները կեղծած եւ այս կեղծիքներով մեծամասնություն ձեւավորած ՀՀԿ-ն ներկայացնելու է, թե իբր որոշում ընդունվել է, բայց այսօր մենք միասին կատարեցինք ամենակարեւոր գործը՝ հասցրինք իրավիճակը նրան, որ այս որոշման օրինականությունը հավասարեցված է 0-ի: Սա շատ կարեւոր նվաճում է, եւ ձեզ դրա համար բոլորիդ ողջունում եմ»,- հայտարարեց Զուրաբյանը:

Հարցին էլ, թե հիմա ի՞նչ ենք անելու, Զուրաբյանը պատասխան հարց ուղղեց. «Առաջին՝ դուք բոլորդ համաձա՞յն եք շարունակել պայքարը այս որոշումը չիրագործելու նպատակով»: Հավաքվածների «այո»-ից հետո, Զուրաբյանը շարունակեց. «Ուրեմն, պետք է հետեւողական պայքարի սցենարի անցնենք: Եղել են առաջարկներ հենց այսօր գնալ Ազատության հրապարակ, սկսել նստացույց: Ես ձեզ ցանկանում եմ մի բան ասել, հավատացեք, որ նման որոշումները հապշտապ չեն ընդունվում եւ պահանջում են մեծ ռեսուրսներ: Դրա համար պետք է քաղաքական գործընթաց լինի եւ կատարվի ճիշտ պահին: Ուստի, այսօր մենք համարում ենք կարեւոր գործը կատարված, իսկ սրանից հետո քաղաքական ուժերով՝ ձեր խորհուրդը ընդունելով, կքննարկենք մեր հետագա ծրագիրը: Առաջին քայլը կլինի այն, որ մենք նորից՝ ԱԺ 4 ոչ իշխանական խմբակցությունները կազմակերպելու ենք ՍԴ դիմելու գործը, որով մենք պետք է այս որոշման անօրինակությունը ապացուցենք բոլորին՝ ե՛ւ հայ հասարակությանը, ե՛ւ միջազգային հանրությանը: Հասկանում ենք, որ ՍԴ-ն այս իշխանությունների կցորդ է եւ անելու է այն, ինչ թելադրի Սերժ Սարգսյանը, ուստի մենք նաեւ հասկանում ենք, որ այս իշխանութունները որեւէ նահանջի որեւէ հարցում գնալու են միայն ժողովրդի ճնշման ներքո: Ուրեմն, մենք միասին պետք է այդ ճնշումը կազմակերպենք»,- հայտարարեց Զուրաբյանը:  

 

Նախորդ հոդվածը‘Այս պահին ԱԺ-ի մոտ. Ֆոտոշարք’
Հաջորդ հոդվածը‘Ամեն մի կազյոլ իրան լրագրողի տեղ ա դնում. ՀՀԿ-ական Կարեն Կարապետյանը նորից ակտիվացել է. Yerkir’