‘ԱԺ-ում կրքերը թեժացան. Հովիկ Աբրահամյանը Աղվան Վարդանյանին. Ինչ-որ մի քիչ խառնել եք’

1230

ԱԺ արտահերթ նստաշրջանը շարունակվում է: Կրքերը թեժացան Էթիկայի հանձնաժողովում «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ: Հիշեցնենք, որ նախագծի հեղինակներն են Դավիթ Հարությունյանը և Արփինե Հովհաննիսյանը: Հիմնական զեկուցող ՀՀԿ-ական պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի ելույթից հետո, ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանը հարցրեց` արդյո՞ք անձնական վրեժխնդրությունից ելնելով չէ, որ հարցը ԱԺ օրակարգ է մտել այսքան հրատապ:

«Այս մարմինը դարձնում եք անողնաշար, չգործող մի օղակ: ԲՀԿ-ն չի հայտարարել, որ ընդդիմություն է, մաս չի կազմում իշխանությանը: Դուք ինչո՞ւ եք ուզում նրանց ճխտել մի տեղ: Ո՞վ է ձեզ իրավունք տվել որոշել, թե նրանց որտեղ կոխեք»,- իր հերթին հայտարարեց ՀՅԴ պատգամավոր Աղվան Վարդանյանը՝ խոսելով էթիկայի հանձնաժողովում մեծամասնության կողմից առաջարկվող փոփոխությունների մասին, որոնցով հանձնաժողովում ավելացվում են իշխանության տեղերը:

Ա. Վարդանյանը զեկուցող ՀՀԿ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանին առաջարկեց ընդհանրապես պատգամավորների համար համազգեստ ստեղծել և մեջքերին գրել՝ ընդդիմություն, ոչ ընդդիմություն…

«Սա ի՞նչ հապճեպություն է: Ուզում եք էդ մի մարմինն է՞լ ոչնչացնել, չգործի՞: Կհասնեք ձեր ուզածին»,- բորբոքվեց Ա. Վարդանյանն ու հարցրեց՝ Դավիթ Հարությունյանն ո՞ւր է (խմբ.- նախագծի համահեղինակն է):

«Ձեր լիազորությունները գերազանցում եք, պարոն Վարդանյան: Դավիթ Հարությունյանն ուր է… քեզ ի՞նչ՝ ուր է: Այ քեզ բան: Պարոն Վարդանյան, ինչ-որ մի քիչ խառնել եք»,- հակադարձեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը՝ կոչ անելով հանդարտվել, քանի որ դեռ պետք է շատ աշխատեն միասին:

ՀՅԴ պատգամավոր Վահան Հովհաննիսյանի դիտարկմանը՝ ԱԺ նախագահն ինչ իրավունք ունի միջամտելու հարցերին, պետք է ընդամենը նիստը վարի, Հովիկ Աբրահամյանը հետաքրքրվեց, թե Հովհաննիսյանն ահաբեկո՞ւմ է իրեն, ու ստանալով դրական պատասխան` նկատեց. «Մի անգամ ահաբեկեցիք՝ եսիմ որտեղ էիք, հիմա ինչի՞ եք ուզում ահաբեկել»:

ԱԺ նախագահը զերծ չմնաց Ա. Հովհաննիսյանին պաշտպանելուց նաև ԲՀԿ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանի դիտարկման ժամանակ, ում վրդովեցրել էր Ա. Հովհաննիսյանի՝ ԲՀԿ-ի մասին արած արտահայտությունը. նա «ԲՀԿ խմբակցության» փոխարեն պարզապես «նրանք» էր անվանել ԲՀԿ-ականներին: Հովիկ Աբրահամյանը հայտարարեց` Արսենյանի «ականջները ձայն են տալիս»` Հովհաննիսյանը նման բան չի ասել, և Արսենյանին ստուգվել է պետք, հայտնում է 1in.am-ը:

Աղվան Վարդանյանի և Արմեն Ռուստամյանը նաև իրենց զարմանքը հայտնեցին, որ խնդիրը ԱԺ-ի ներսում չի քննարկվել և կառավարությունը ի՞նչ գործ ուներ, որ առաջարկեց արտահերթ քննարկել այս հարցը:

Ըստ ՀՅԴ պատգամավորների` Էթիկայի հանձնաժողովում ներկայացվածությունը պետք է լիներ հավասարաչափ, իշխանություն-ընդդիմություն տարանջատում է առաջանում, և ավելի է սրում քաղաքական դաշտը: Արփինե Հարությունյանն էլ պատասխանեց, որ իրենք դիմել են կառվարությանը, որպեսզի նախագիծը ընդգրկվի այս նստաշրջանի օրակարգում: «Ես հեռու եմ այն մտքից, որ պատգամավորները հնարավորթյուն չունեն քննարկելու խնդիրը, այն հենց հիմա այստեղ քննարկվում է»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը: ՀՅԴ պատգամավոր Արմեն Ռուստամյանն էլ նշեց, որ որոշումը կարող է կայացվել քաղաքական «հաշվեհարդարի» պայմաններում: Աղվան Վարդանյանի կարծիքով` քննարկման դրված նախագիծն ընդունելով Էթիկայի հանձնաժողովը կդառնա անողնաշար մարմին և ավելորդ օղակ: ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանն իր հերթին նկատեց, որ հանձնաժողովը միակն է, որտեղ ընդդիմությունն ավելի շատ է ներկայացված և սա ժողովրդավար միակ մարմինն է, հաղորդում է panarmenian.net-ը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 8-ին Էթիկայի հանձնաժողովը որոշում է ընդունել ՀՅԴ անդամ Արմեն Ռուստամյանի՝ 83 պատգամավորների վերաբերյալ դիմումն ընդունել վարույթ և քննարկել: Քանի որ նիստը անցել է դռնփակ, մանրամասների վերաբերյալ լրատվամիջոցներին շատ քիչ բան է հայտնի: Թե հանձնաժողովի իշխանական և ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների քվեարկությունն ինչ հարաբերակցություն է ունեցել, բացահայտելու իրավունք ոչ ոք չունի: ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանը պնդում էր, որ հանձնաժողովի նախագահ, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը կոպտորեն խախտել է օրենքը և քաղաքական հաշվեհարդար է տեսել` Արմեն Ռուստամյանի դիմումի քննության ժամանակ նրան զրկելով ձայնի իրավունքից:

Նախորդ հոդվածը‘Տիգրան Ուրիխանյան. Ամենաշատը հիշվեց «Սա Հայաստանն է և վերջ» արտահայտությունը’
Հաջորդ հոդվածը‘ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը նախագահական ընտրություններին դիտորդական առաքելություն կիրականացնի’