‘Ալբանիայի և Սերբիայի վարչապետները վիճաբանել են Կոսովոյի պատճառով’

943

68 տարվա ընթացքում Ալբանիայի վարչապետի առաջին այցը Սերբիա վիճաբանության է վերածվել Կոսովոյի կարգավիճակի պատճառով:

Ենթադրվում էր, որ Էդի Ռամայի այցը Բելգրադ կօգնի հաղթահարել տարաձայնությունները երկու երկրների միջև, որոնք սրվել էին հոկտեմբերին այդ երկրների ֆուտբոլի հավաքականների հանդիպման ժամանակ տեղի ունեցած ծեծկռտուքից հետո:

Սակայն իրավիճակն ավելի է սրվել այն բանից հետո, երբ Ռաման հայտարարել է, որ Կոսովոյի անկախությունը կասկածի տեղիք չի տալիս և արժանի է հարգանքի: Սերբիայի վարչապետ Ալեքսանդր Վուչիչն անմիջապես գործընկերոջը մեղադրել է սադրելու մեջ: «Ես նման սադրանք չէի սպսում: Ալբանիան ի՞նչ կապ ունի Կոսովոյի հետ: Կոսովոն Ալբանիայի մասը չէ և երբեք չի էլ լինի»,- ասել է սերբ վարչապետը՝ հավելելով, որ ոչ մեկին թույլ չի տրվի նվաստացնել Սերբիան: Ռաման, իր հերթին, պնդել է, որ իր արտահայտությունները սադրելու նպատակ չեն հետապնդել, և որքան շուտ ճանաչվի Կոսովոն, այնքան արագ հնարավոր կլինի առաջ ընթանալ:

Կոսովոն՝ Սերբիայի նախկին նահանգը, որտեղ գերակշռում են էթնիկ ալբանացիները, անկախություն է հռչակել 2008 թ.: Ու թեպետ տասնյակ երկրներ, այդ թվում՝ հիմնականում արևմտյան, ճանաչել են Կոսովոյի ինքնիշխանությունը, Սերբիան շարունակում է այն համարել իր տարածքի մի մասը:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանի հերթական նահանջն ու ինտրիգը’
Հաջորդ հոդվածը‘Դի Կապրիոյի օսկարյան անեծքը’