‘ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմը աջակցում է ԸՕ-ի մասին ՀԿ-ների հայտարարությանը’

1984

ԵՄ Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը, որը միավորում է հայաստանյան քաղաքացիական հասարակության 200-ից ավելի կազմակերպություններ, իր համերաշխությունն է հայտնում Հայաստանի Հանրապետության Ընտրական օրենսգրքի նոր նախագծի շուրջ քննարկումներում  հանրային մասնակցության ապահովմանն ուղղված գործընթացին եւ ՔՀՖ ՀԱՊ անդամ կազմակերպությունների առցանց քվեարկության արդյունքում՝ միանում է ՀՀ Ընտրական օրենսգրքի հետ կապված 5 կարեւորագույն պահանջների վերաբերյալ մի շարք ՀԿ-ների կողմից կազմված հայտարարությանը (տե՛ս ստորեւ)։

ՀՀ Ընտրական Օրենսգրքի վերաբերյալ առաջնային պահանջներ

Հաշվի առնելով Հայաստանում վերջին տարիներին տեղի ունեցած ընտրությունների (եւ հատկապես՝ Սահմանադրական հանրաքվեի) ժամանակ արձանագրված առավել տարածված ընտրակեղծիքների տեսակները, ընտրական գործընթացների նկատմամբ հանրային վստահության բացակայությունը, ինչպես նաեւ Ազգային ժողովին ներկայացված Ընտրական օրենսգրքի բովանդակությունը, ներքոստորագրյալ կազմակերպությունները համարում են, որ ընտրական գործընթացների որակական փոփոխություն կարող է լինել միմիայն այն դեպքում, եթե օրենսգրքում ներառվեն (փոփոխվեն) հետեւյալ կարեւորագույն հինգ մեխանիզմները.

  1. Ընտրողների կողմից ստորագրված եւ լրացված ցուցակների հրապարակում։
  2. Ընտրողների ցուցակների մաքրում՝ հարեւան Վրաստանում կատարված մոդելով: Մասնավորապես, պետք է պարզվեն հանրապետությունում չգտնվող քաղաքացիները եւ ընտրողների ցուցակների մեջ այդ անձանց անվան դիմաց լինի առանձին նշում՝ հանրապետությունից բացակայելու մասին:
  3. Ազգային ժողովի ընտրությունների անցկացում համամասնական ընտրակարգով՝ համապետական պարզ (փակ) համամասնական ընտրացուցակներով՝ բացառելով տարածքային ու վարկանիշային ցուցակների կիրառումը։
  4. Ընտրական տեղամասերում քվեարկության եւ քվեարկության արդյունքների ամփոփման ողջ գործընթացի տեսանկարահանում առնվազն 5 որակյալ տեսախցիկներով՝ որպես պետության պարտականություն: Տեսախցիկների տեսադաշտում կլինեն քվեատուփը, ընտրողների գրանցման եւ քվեաթերթիկների հատկացման գործնթացը, տեղամասային կենտրոնն ու դրա մուտքը:
  5. Ընտրողներին մատնահետքերով նույնականացման համակարգի կիրառում կամ մատների թանաքոտման (այդ թվում՝ անզեն աչքով չերեւացող թանաքով) կարգի ներդրում։

Հիմնավորում

  • Ընտրողների քվեարկած (ստորագրած) ցուցակների հրապարակումը կրկնաքվեարկությունների կանխարգելման լավագույն մեխանիզմն է, քանի որ քվեարկության ավարտից հետո բոլորին հնարավորություն կտա ստուգելու հանրապետությունից բացակայող անձանց անվան դիմաց ստորագության բացակայությունը: Հանձնաժողովի անդամները կիմանան, որ մեկ անձի փոխարեն այլ անձին քվեարկելու իրավունք տալու դեպքում դա կարող է շատ հեշտությամբ բացահայտվել: Քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակների հրապարակումը մեր կարեւորագույն պահանջն է: Մենք համարում ենք, որ այն պետք է հրապարակվի ոչ միայն ընտրական տեղամասում՝ բոլորի համար տեսանելի վայրում, այլ նաեւ թվայնացվի ու համացանցում ունենա որոնման հնարավորություն:
  • Այս նպատակով կարեւոր է նաեւ, որ ընտրողների ցուցակներում հատուկ նշում լինի քաղաքացու` հանրապետությունից բացակա լինելու մասին: Դա հնարավորություն կտա առավելապես կենտրոնանալ հենց այն դեպքերի վրա, երբ նման նշումով անձի դիմաց քվեարկելու մասին վկայող ստորագրություն լինի: Այս մոդելը մեծ հաջողությամբ կիրառվել է Վրաստանում:
  • Քանի որ այլ անձանց փոխարեն քվեարկությունների դեպքերը չեն սահմանափակվում հանրապետությունից բացակայողների փոխարեն քվեարկությամբ, մենք գտնում ենք, որ մյուս կետերի բավարարման դեպքում կարող է լրացուցիչ կանխարգելիչ միջոցառում լինել նաեւ ընտրողներին մատնահետքերով նույնականացնող սարքավորումների ներդրումը, որոնք կունենան տեղամասի ընտրողների ցուցակում ներառված բոլոր անձանց մատնահետքերի բազան: Որպես այս համակարգի այլընտրանք, մենք կարող ենք համաձայնել ընտրողների մատների թանաքոտմանը՝ անզեն աչքով չերեւացող եւ մեկ օր հետո վերացող թանաքով:
  • Մեր համոզմամբ, տարածքային վարկանշային ընտրական ցուցակները հնարավորություն կտան դրանցում ներառել տեղական (այդ թվում՝ կրիմինալ) հեղինակություններին, համայնքների ու հիմնարկների ղեկավարներին, ում ձայն տալու համար ընտրողները ստիպված կլինեն քվեարկել այդ անձանց ներկայացնող կուսակցությանը: Այստեղ պետք է հաշվի առնել, որ Հայաստանը ֆեդերացիա չէ, եւ չունի տարբեր ռեգիոնների շահերը խորհրդարանում հավասարաչափ մրցակցային կերպով ներկայացնելու խնդիր, իսկ խորհրդարանում քննարկվող հարցերը գրեթե միշտ կրում են համապետական բնույթ: Վերադարձը պարզ (փակ) համամասնական ցուցակին՝ միաժամանակ կվերացնի նաեւ նախագծով առաջարկվող գունավոր քվեաթերթիկների հետ կապված բոլոր խնդիրները:
  • Ինչպես հայտնի է, տեղամասային հանձնաժողովներում հաճախ արձանագրվում են խախտումներ, որոնց ապացուցումը բավականին դժվար է լինում: Այդ խախտումների թվին են պատկանում լցոնումները, դիտորդների, լրագրողների ու վստահված անձանց գործունեության խոչընդոտումը, քվեարկության արդյունքների կեղծումը, քվեարկած քվեաթերթիկների հանումը տեղամասից, կուտակումները եւ այլն: Որպես նման խախտումների կանխարգելման եւ առավել դյուրին ապացուցման ու բացահայտման լավագույն եղանակ՝ մենք տեսնում ենք տեղամասերում պետության կողմից տեսախցիկների տեղադրումը, որոնք ոչ միայն կհավաքագրեն նկարահանվածը, այլեւ այն կհեռարձակեն համացանցով: Յուրաքանչյուր տեղամասում 1 տեսախցիկ պետք է հսկի տեղամասի մուտքը դրսի կողմից, 1 տեսախցիկ՝ քվեատուփն ու դրա պատասխանատու հանձնաժողովի անդամին, 2 տեսախցիկ՝ ընտրողների գրանցող ու քվեաթերթիկ հատկացնող հանձնաժողովի անդամներին, 1 տեսախցիկ՝ ընդհանուր տեղամասային կենտրոնը: Քվեարկության արդյունքների ամփոփման (հաշվարկի) ժամանակ՝ բացի դուրսը հսկող տեսախցիկից, մյուս 4-ը պետք է վերադասավորվեն այնպես, որ, որ արտացոլեն քվեները հաշվելու ամբողջ ընթացքը (ծրարները քվեատուփից հանելու, բացելու, քվեաթերթիկներն ուսումնասիրելու, քվեաթերթիկները խմբերի բաշխելու, քվեարկության վերջնական արձանագրության կազմման, ստորագրման եւ ընտրական փաստաթղթերի փաթեթավորման գործընթացը):

 

Նախորդ հոդվածը‘Պլանային ջրանջատում Արաբկիրում և Կենտրոնում’
Հաջորդ հոդվածը‘ՖԱՖ ֆան ակումբի հիմնադիր, նախկին անդամների բաց նամակը Ռուբեն Հայրապետյանին’