‘Ալեն Դելոնը գալիս է Հայաստան՝ նա ներկա կլինի «Շնորհավոր Ամանոր, մայրեր» ֆիլմի պրեմիերային (թրեյլեր)’

1266

«Enjoy movies» և «AP» cinema»  կինոընկերությունների համատեղ արտադրությամբ «Շնորհավոր Ամանոր, մայրեր» լիրիկական կոմեդիայի հայաստանյան պրեմիերան կկայանա դեկտեմբերի 18-ին:

Ֆիլմը բաղկացած է հինգ նովելից, որոնցից յուրաքանչյուրը նկարահանել է առանձին ռեժիսոր` Արտեմ Ակսենենկոն, Սարիկ Անդրեասյանը, Անտոն Բորմատովը, Դմիտրի Գրաչևը, Կլիմ Պոպլավսկին: Կինոնկարի պրոդյուսերներն են`Գեորգի Մալկովը, Սարիկ Անդրեասյանը, Ղևոնդ Անդրեասյանը, Վալերի Սահարյանը, Վլադիմիր Պոլյակովը:                                       

Ինչպես «Արմենպրեսին» տեղեկացրել են «AP» cinema  կինոընկերությունից, «Շնորհավոր Ամանոր, մայրեր» ֆիլմի բյուջեն կազմում է 6 միլիոն ԱՄՆ դոլար` ներառյալ գովազդային-մարքեթինգային ծախսերը, իսկ արտադրության վրա ծախսվել է 2 միլիոն դոլար:

Հայաստանյան պրեմիերան տեղի կունենա դեկտեմբերի 18-ին «Մոսկվա» կինոթատրոնում, իսկ Մոսկվայում ֆիլմի պրեմիերան տեղի կունենա դեկտեմբերի 19-ին: Ֆիլմը մեծ էկրաններ կբարձրանա դեկտեմբերի 27-ից:

Ֆիլմի հայաստանյան պրեմիերային ներկա կգտնվի աշխարհահռչակ դերասաններ Ալեն Դելոնը, Իրինա Ռոզանովան, Կոնստանտին Կրյուկովը, ինչպես նաև ֆիլմի ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը, պրոդյուսերներ` Վալերի Սահարյանը և Ղևոնդ Անդրեասյանը: 

«Շնորհավոր Ամանոր, մայրեր»  կինոալմանախը հանդիսատեսի մեծ համակրանքը վայելած «Մայրեր» ֆիլմի շարունակությունն է: Ֆիլմը նկարահանվել է Ռուսաստանում և Ֆրանսիայում:  «Շնորհավոր Ամանոր, մայրեր» կինոալմանախում կլինեն նոր պատմություններ և նոր հերոսների նոր արկածներ` միավորված մեկ զգացմունքով` սեր մայրերի հանդեպ: Ալմանախում ներկայացված է հինգ նովել` հումորային և հուզական, լիրիկական և կոմիկական: Յուրաքանչյուր նովել պատմում է մոր և երեխայի` երկու ամենահարազատ մարդկանց սիրո մասին:

 

Ռեժիսոր Արտեմ Ակսենենկոյի նկարահանած «Մայրերի պատերազմ» նովելում ներկայացվում է հետևյալ պատմությունը. Լենան և Մաշան լավագույն ընկերուհիներ էին մինչ այն պահը, քանի դեռ նրանցից մեկը չէր հաղթել \”Мисс Снежинка\” մրցույթում: Անցնում են երկար տարիներ և ահա նախկին ընկերուհիների աղջիկները պետք  է մասնակցեն նմանատիպ մրցույթի…

Նովելում նկարահանվել են` Եկատերինա Վիլկովան, Սվետլանա Իվանովան, Մակսիմ Վիտորգանը, Կոնստանտին Կրյուկովը և այլք:

 

Ռեժիսոր Դմիտրի Գրաչևի նկարահանած «Թավջութակահարը» նովելում ներկայացվում է մի պատմություն, երբ մայրը որոշում է ուրախացնել որդուն` Մոսկվա մեկնելու տոմս է գնում, որպեսզի ներկա գտնվի որդու երկար սպասված համերգին, որտեղ նա կատարելու էր թավջութակի համար գրված ստեղծագործությունը : Մայրը չէր էլ պատկերացնում, թե իրեն ինչ է սպասում…

Նովելում նկարահանվել են` Տատյանա Վասիլևան, Վիկտոր Վասիլևան, Գարիկ Խառլամովը, Ագնիյա Դիտկովսկիտեն և այլք:

 

Ռեժիսոր Կլիմ Պոպլավսկու նկարահանած «Սողոմոնի որոշում» նովելում Վիկտորիան հաջողակ բիզնես լեդի է, որը ֆիրմայում բարձր պաշտոն է զբաղեցնում: Աշխատանքը և կարիերան խլում են նրա ամբողջ ազատ ժամանակը: Վիկտորիայի 7-ամյա աղջիկը` Սոնյան, հազվադեպ էր տեսնում մորը և ամբողջ ազատ ժամանակն անցկացնում էր դայակի` Գալինայի հետ: Ամանորի նախաշեմին Սոնյան նամակ է գրում. «Սիրելի Ձմեռ պապ, այնպես արա, որպեսզի դայակ Գալյան դառնա իմ մայրը և մենք միմյանցից երբեք չբաժանվեինք»: Դայակը նամակը հանձնում է Վիկտորիային, որն էլ կարդալով…

Նովելում նկարահանվել են` Եկատերինա Կլիմովան, Օլգա Սուտուլովան, Քսենիա Պոպովիչը, Ալեքսեյ Գրիշինը և այլք:

 

Ռեժիսոր Անտոն Բոռմատովի նկարահանած «Երջանիկ թվեր» նովելում Քսենիան և Ժենյան սիրող զույգ են: Նրանք մի քանի տարի է, ինչ ամուսիններ են, սակայն բացարձակ երջանիկ կլինեին, եթե կարողանային նաև երեխա ունենալ: Ամուսնության  յոթերորդ տարեդարձի առթիվ Քսենիան ամուսնուն նվիրում է սիմ քարտ` Եվգենիի սիրած 7 թվերով: Երբ նա քարտը դնում է հեռախոսի մեջ, հնչում է զանգ, որն էլ դառնում է այդ զույգի համար ճակատագրական…

Նովելում նկարահանվել են` Ելիզավետա Բոյարսկայան, Մակսիմ Մատվեևը և այլք:

 

Ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի  նկարահանած «Փարիզ» նովելում Վերա Եվգենևան երկար տարիներ է, ինչ գավառական դպրոցում աշխատում է ֆրանսերենի ուսուցչուհի: Եվգենևայի ամենանվիրական երազանքն էր լինել Փարիզում, որն աշխարհին նվիրել էր ռոմանտիկա և Ալեն Դելոն: Մի գեղեցիկ առավոտ նա անակնկալի է գալիս` սառնարանում գտնելով որդու կողմից թաքցրած ինքնաթիռի երկու տոմս: Ոգևորված զանգահարում է որդուն և լսում. «Մայրիկ, ոչինչ մի հարցրու, միայն հավաքիր իրերը, մենք թռչում ենք Փարիզ»:

Նովելում նկարահանվել են` Ալեն Դելոնը, Իրինա Ռոզանովան, Պավել Վոլյան:

Նախորդ հոդվածը‘Պայմանավորված խաղի մեխանիկան. ռուսական պարբերականը սենսացիոն փաստեր է հրապարակել’
Հաջորդ հոդվածը‘Ձմեռային արձակուրդները՝ դեկտեմբերի 29-ից’