‘Ալեքսանդր Լուկաշենկո. Բելառուսը ԵԱՏՄ համարում է կարևորագույն ինտեգրացիոն միավորում’

1051

Բելառուսը ԵԱՏՄ համարում է կարևորագույն ինտեգրացիոն միավորում, որը նպաստում է տնտեսական և սոցիալական կայունության ապահովմանը տարածաշրջանում: Ըստ ԲԵԼՏԱ-ի, այդ մասին ասվում է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի` ԵՏՄ անդամ պետությունների ղեկավարներին հղած ուղերձում:

Նա նշել է, որ ԵԱՏՄ-ում Բելառուսի նախագահությունն ուղղված է լինելու բարիդրացիական հարաբերությունների հետագա ամրապնդմանը, տնտեսական համագործակցության զարգացմանը, միության չորս հիմնական տնտեսական ազատությունների՝ ապրանքների, ծառայությունների, կապիտալի եւ աշխատուժի ազատ տեղաշարժի առաջընթացին աջակցմանը: «Բելառուսական կողմը նախկինի պես կարծում է, որ Եվրասիական տնտեսական միության հիմքը պետք է դառնա ապրանքների տեղաշարժի բացառումների և սահմանափակումների լիովին վերացումը», — ասվում է ուղերձում:

Լուկաշենկոն նաեւ մի շարք առաջարկություններ է ներկայացրել, որոնք վերաբերում են անցմանը դեպի համաձայնեցված, իսկ հետագայում` նաև միասնական արդյունաբերական եւ ագրոարդյունաբերական քաղաքականություն, միության շրջանակում արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունների մշակման եւ ընդունման արագացմանը, 2016 թվականի հունվարի 1-ից դեղագործական եւ բժշկական միջոցների միասնական շուկայի գործունեության մեկնարկի ապահովանը:  Բացի այդ, առաջարկվում է ձեռնամուխ լինել պայմանագրի` արտահանման զարգացման ուղղությամբ համատեղ գործողություններ նախատեսող դրույթների իրագործմանը:

«Մենք մեծապես կարևորում ենք էլեկտրաէներգիայի, գազի, նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների ձևավորման հայեցակարգերի մշակումը: Բելառուսի նախագահության շրջանում որոշակի քայլեր կձեռնարկվեն ծառայությունների ոլորտում ինտեգրման գործընթացների զարգացման ուղղությամբ: Արդիական է միասնական մաքսային տարածության մաքսասակագնային և ոչ սակագնային պաշտպանությունը: Այդ առնչությամբ Բելառուսը թափանցիկություն է ակնկալում գործընկերներից ԱՀԿ հետ երկխոսության հարցերում:

Բացի այդ, ուղերձում առաջարկվում է մշակել ԵԱՏՄ գործունեության գործուն մեխանիզմներ` անդամ պետություններից մեկի կողմից երրորդ պետությունների նկատմամբ շուկայի պաշտպանության միակողմանի միջոցների կիրառման պայմաններում: Ընդ որում անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել սանիտարական, անասնաբուժական և ֆիտոսանիտարական միջոցառումների ոլորտում փոխգործակցության համակարգման, սպառողների իրավունքների պաշտպանության հարցերին:

Բելառուսական պետության ղեկավարը ԵԱՏՄ անդամ պետությունների աջակցությունն է ակնկալում բելառուսական նախաձեռնությունների իրագործման հարցում: «Համոզված եմ, որ մեր սերտ փոխգործակցությունը կդառնա նախանշված ծրագրերի առավելագույնս արդյունավետ իրականացման և որպես տնտեսական կայուն զարգացման ինքնուրույն կենտրոն ԵԱՏՄ  հաջող կայացման գրավական», — ասվում է ուղերձում: Հաղորդում է ԱրմԻնֆոն:              

Նախորդ հոդվածը‘Հուժկու ավտոերթ Գյումրիում (ուղիղ)’
Հաջորդ հոդվածը‘Քննչական կոմիտեն որոշում է կայացրել՝ Պերմյակովին որպես մեղադրյալ ներգրավելու մասին’