‘Ալեքսանդր Կռիլով. Ղարաբաղյան հակամարտության գոտում պատերազմ կսկսվի միայն այն դեպքում, եթե Ռուսաստանը հեռանա Հարավային Կովկասից ‘

1992

Ղարաբաղա-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանում իրավիճակի  սրումը պայմանավորված է ոչ միայն տարածաշրջանային, այլև գլոբալ գործոններով, ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Կովկասագետների գիտական հանրության նախագահ, պատմական գիտությունների դոկտոր Ալեքսանդր Կռիլովը:

Նրա ասելով, գլոբալ մակարդակով տեղի է ունենում հարաբերությունների սրում Ռուսաստանի և ԱՄՆ/ՆԱՏՕ/ԵՄ միջև: «Դրա պատճառը ոչ թե Ուկրաինան է, այլ ԱՄՆ վարչակազմի դիրքորոշումը, որը հանգել է այն համոզման, թե Իրաքի, Հյուսիսային Աֆրիկայի,  Սիրիայի, Սնոուդենի և այլնի նկատմամբ Ռուսաստանի դիրքորոշումն անընդունելի է Վաշինգտոնի համար: Մոսկվայի ինքնուրույն քաղաքականությանը վերջ դնել կարելի է միջազգային ասպարեզում նրա մեկուսացման, տնտեսական պատժամիջոցների և  Ռուսաստանին սահմանակից տարածաշրջանների ապակայունացման ճանապարհով: Ուկրաինայի իրադարձությունները և լարվածության սրումը Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի են ունենում հենց այդ համատեքստում», — հավաստիացրել է փորձագետը, ընդսմին հավելելով, որ գլոբալ գործոններն ամեն ինչ չեն որոշում:

Նրա ասելով, դրանք կիրառում են այն ուժերը, որոնք ձգտում են իրավիճակն օգտագործել ռազմական ռևանշի համար: «Ակնհայտ է, որ նման ռևանշով շահագրգռված է Ադրբեջանը», — նշել է նա` հավելելով, որ Ղարաբաղում պատերազմի վերսկսում հնարավոր է միայն այն դեպքում, եթե Ռուսաստանը չկարողանա երաշխավորել Հայաստանի անվտանգությունը և հեռանա տարածաշրջանից, ինչպես դա պատահեց Ռուսական կայսրության փլուզումից հետո:

«Տեսականորեն նման հնարավորությունը չի կարելի բացառել, սակայն  շատ ավելի հավանական է թվում, որ Ռուսաստանը կպահպանի համաշխարհային գլխավոր խաղացողներից մեկի իր դերը, և մեր արևմտյան գործընկերները ստիպված կլինեն ավելի շատ հաշվի առնել նրա շահերը` քան նախկինում: Այդ դեպքում լարվածության շրջանին փոխարինելու կգա հերթական լիցքաթափումը: Իրադարձությունների նման ընթացքը կնպաստի նաև իրավիճակի կայունացմանը ղարաբաղյան հակամարտության գոտում և Հարավային Կովկասում` ընդհանուր առմամբ», — ամփոփել է փորձագետը:

Նախորդ հոդվածը‘ՀՅԴ. ՀՀ-ի և ԼՂՀ-ի միջև ռազմաքաղաքական դաշինքի կնքումը խիստ անհրաժեշտություն է’
Հաջորդ հոդվածը‘ՓՊ. Վարույթն իրականացնող մարմինը խախտել է ՀՀ քրեադատավարական սկզբունքները’