‘Ալեքսիս Սանչեսը սպառում է Բարսայում իր վստահության կրեդիտը’

932

2011-ի ամռանը Բոյան Կրկիչի ակումբը լքելուց հետո, Բարսան փնտրում էր իր խաղաոճին հարմար խաղացող, ով կարող էր խաղալ և` եզրերում, և` կենտրոնում: Ակումբը բանակցություններ էր վարում «Վիլյառեալ»-ի հարձակվող Ջիուզեպե Ռոսիի և Իտալիայում ավարտված մրցաշրջանի «Սերիա Ա»-ի  հայտնություններից մեկի` Ալեքսիս Սանչեսի հետ: Երկարատև ձգված բանակցություններից հետո Պեպ Գվարդիոլան ի վերջո նախընտրեց չիլիացուն, ում համար վճարեցին 26 մլն €, որին պետք է գումարվեր մոտ 10 մլն ևս` ակումբի հաջողությունների հետ կապված: Հաշվի առնելով նրան անընդհատ հետապնդող մկանային խնդիրներն ու անհրաժեշտ ժամանակը ադապտացվելու համար, կարելի է ասել, որ Ալեքսիսը բավականին հաջող մրցաշրջան անցկացրեց: Սակայն նոր մրցաշրջանը նա անցկացնում է սպասվածից շատ ավելի վատ և ինչքան էլ որ Վիլանովան արդեն հասցրել է ցույց տալ, որ համբերատար է առանձնակի դեպքերում, միևնույն է`արդեն հարց է առաջանում Սանչեսի Բարսայում մնալու հետ կապված:

Չորեքշաբթի օրը Տիտո Վիլանովան «Սելթիկ»-ի դեմ խաղում հերթական անգամ չիլիացուն դուրս բերեց մեկնարկային կազմում: «Հրաշալի երեխան», ինչպես նրան անվանում են իր հայրենիքում, վերջին խաղերի հետ համեմատած անցկացրեց ավելի լավ խաղ: Նա առջևի գծի խաղացողներից ամենշատն էր սրում խաղը, փորձում հարմար դիրք դուրս գալ և հարվածել: Առաջին խաղակեսում նա, չնայած իր կարճահասակ լինելուն, նույնիսկ հաղթեց երկրորդ հարկում պայքարում և շատ մոտ էր գոլի հեղինակ դառնալուն: Պետք է արձանագրել, որ չորեքշաբթի երեկոյան Ալեքսիսի դաշտում գտնվելուց տպավորություն չէր ստեղծվում, որ Բարսան խաղում է 10 հոգով, ինչի մասին կատալոնական ակումբի երկրպագուները խոսում են գրեթե ցանկացած չիլիացու մեկնարկային կազմ դուրս գալուց հետո:

Ամեն դեպքում, Ալեքսիսը գոլի հեղինակ չդարձավ, որի կարիքը այդքան ունի և որից հետո Տիտոյի կարծիքով խաղացողը կվերգտնի իր վստահությունն ու կսկսի ավելի արդյունավետ գործել: Ինքն` Ալեքսիսը դեռ սեպտեմբերին խոսելով իր խաղամակարդակի մասին, խոստովանեց, որ հեռու է լավագույն մարզավիճակում գտնվելուց և ասաց նաեւ, որ իր խաղը գնհատում է 10-ից` 5-ի:

Գնահատականը կարող է շատերի համար նույնիսկ ավելի բարձր թվալ, քան իր խաղի որակկն է դաշտում: Ճիշտ է` նա շարունակում է դաշտում տակտիկապես բավականին օգտակար լինել` խաղընկերների համար տարածություններ ստեղծելու և դաշտում տեղաշարժի առումով, բայց նրա անձնական ցուցանիշները հեռու են լավը, կամ գոնե բավարար համարվելուց: Այս մրցաշրջանում 16 հանդիպումներից, որոնցում նա հիմնականում դաշտ է դուրս եկել մեկնարկային կազմում, նա դարձել է ընդամենը 1 գոլի հեղինակ և կատարել 2 գոլային փոխանցում: Բոլոր մրցաշարերում իրար հետ վերցրած Սանչեսը դարպասին հարվածել է ընդամենը 14 անգամ: Համեմատության համար պետք է նշել, որ նրա հիմնական կազմում մրցակիցներից մեկը` Դավիդ Վիլյան դաշտում անցկացրել է Սանչեսի ժամանակահատվածի կեսը, բայց իր հաշվին ունի արդեն 6 գոլ: Ալեքսիսի պաշտպանները կարող են նշել, որ Տիտոն նրան օգտագործում է հիմնականում եզրերում` թիմի խաղը ավելի «լայնացնելու» համար, բայց այստեղ էլ նրանից այդ աշխատանքը ավելի լավ է կատարում երիտասարդ Տելյոն, ում մոտ ավելի հաջող է ստացվում թե մրցակցին շրջանցելը, թե` գրոհին միացած լատերալներ` Ալվեշի կամ Ալբայի հետ համագործակցությունը:

Ինչպես օրինակ` Սեսկի դեպքում, Տիտոն կարող է համբերատար լինել Սանչեսի նկատմամբ և հնարավոր է` շարունակի նրան խաղային ժամանակ տրամադրել, որպեսզի վերջապես վերջինս վերգտնի իր լավագույն մարզավիճակը: Բայց ինքը` խաղացողը պետք է գիտակցի, որ վստահությունը նման գրանդ ակումբում անվերջ չէ և հաշվի առնելով Նեյմարի կատալոնական ակումբ տեղափոխվելու գրեթե որոշված հարցն ու Դավիդ Վիլյայի վերելքը` այս մրցաշրջանը նրա համար կարող է դառնալ վերջինը Բարսայի կազմում:

Ի դեպ, վերջին շաբաթվա ընթացքում արդեն խոսակցություններ տարածվեցին, որ անգլիական «Տոտենհեմ»-ն ու «Լիվերպուլ»-ը պատրաստ են չիլիացու համար վճարել 25 մլն €-ին մոտ գումար:

 

Նախորդ հոդվածը‘Շաբաթվա 10 լավագույն գոլերը’
Հաջորդ հոդվածը‘ՉԻ. Սերժ Սարգսյանը կոչ չի անում, բայց «համայն հայությունը» պետք է գումար տա ‘