‘Ալժիրի բանակն ազատագրել է 600 պատանդների’

811

Ալժիրի բանակն ազատագրել է նավթագազային օբյեկտում ահաբեկիչների կողմից պատանդ վերցված 600 մարդու, տեղեկացնում է France Presse գործակալությունը՝ վկայակոչելով ալժիրյան պաշտոնական APS գործակալությունը:

Չորեքշաբթի ծայրահեղական խմբավորման մի քանի տասնյակ գրոհայիններ հարձակվել են Ալժիրի հարավ-արեւելքում գտնվող նավթային օբյեկտի աշխատակիցների բանավանի վրա: Ահաբեկիչները ներխուժել են բնակելի համալիր, որտեղ ապրում է 2 հազար մարդ, առեւանգել են 20-ից 40 արտասահմանցիների (այդ թվում՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Նորվեգիայի, Ճապոնիայի, Ֆիլիպինների եւ Մալայզիայի քաղաքացիների) եւ տեղացիների: Ալժիրի իշխանությունները հրաժարվել են բանակցությունների գնալ ահաբեկիչների հետ:    

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ զինվորականներն ազատագրել են չորս արտասահմանցիների: Տեղեկացվել է նաեւ, որ 25 արտասահմանցիներ կարողացել են փախնել գերությունից:

Միեւնույն ժամանակ, չճշգրտված տվյալներով, հրաձգության հետեւանքով զոհվել են 34 արտասահմանցիներ եւ շուրջ 15 գրոհայիններ: Սակայն France 24 հեռուստաալիքը հայտնել է, որ պաշտոնական աղբյուրները հերքել են հրաձգության մասին տեղեկությունը:

Ալժիրի հատուկ նշանակության զորքերը ուղղաթիռներից գրոհ են ձեռնարկել նավթային համալիրի ուղղությամբ: Ալժիրի պաշտոնական մարմինները դեռեւս միջոցառման մանրամասների մասին տեղեկատվություն չեն տրամադրում: 

Նախորդ հոդվածը‘Սահակաշվիլին մեկնաբանել է Երեւանում կատարած Իվանիշվիլիի հայտարարությունները ‘
Հաջորդ հոդվածը‘Տաշիր-Գոգավան եւ Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածները դժվարանցանելի են’