Ալժիրի նախկին նախագահ Աբդելազիզ Բուտեֆլիկան մահացել է 84 տարեկանում

755

Ալժիրի նախկին նախագահ Աբդելազիզ Բուտեֆլիկան  պաշտոնը լքել էր ընդամենը երկու տարի առաջ։ Նա մահացել է երկարատև հիվանդությունից հետո։

Բուտեֆլիկան առաջին անգամ նախագահի պաշտոնում ընտրվել էր 1999 թ․, երբ նրա բոլոր հակառակորդները հանել էին իրենց թեկնածությունը՝ ի նշան ընտրություններն անցկացնելու պայմանների դեմ բողոքի։ Դրանից հետո նա բազմիցս վերընտրվել էր, ինչի համար 2014 թ․ փոխել էր սահմանադրությունը՝ զրոյացնելով ժամկետների առավելագույն քանակը։

Ընդ որում, նա 2013 թ․ ինսուլտ էր տարել, ինչի հետևանքով դժվարությամբ էր խոսում և տեղաշարժվում էր սայլակով, ուրիշի օգնությամբ։ Նա հազվադեպ էր երևում հանրության առաջ։

2019-ին, չնայած պատկառելի տարիքին և առողջական վիճակին, Բուտեֆլիկան ուզում էր առաջադրվել հինգերորդ ժամկետի համար, սակայն զանգվածային բողոքի ցույցերից հետո, բանակի ճնշման տակ, ստիպված էր հրաժարական տալ։

Նրա հրաժարականից հետո նոր իշխանությունները նախկին նախագահի մերձավոր շրջապատում կոռուպցիայի բազմաթիվ դեպքերի հետաքննություն սկսեցին, ոմանց դատապարտեցին ու կալանավորեցին, այդ թվում՝ նախկին նախագահի եղբորը՝ Սաիդին, որն իրականում, ինչպես ենթադրվում էր, վերջին տարիներին կառավարում էր Ալժիրը։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՍի Ձինպինը ձգում է պտուտակները․ Չինաստանում գրոհ է սկսվել միլիարդատերերի և դերասանների վրա
Հաջորդ հոդվածըՀՀ 2 քաղաքացի Գորիս-Որոտան ճանապարհահատվածում հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում