‘Ալժիրում նավթագազային համալիրի գրոհի ընթացքում զոհվել է 30 պատանդ, գործողությունն ավարտված է’

754

Գրոհայիններից նավթագազային համալիրն ազատագրելու՝ Ալժիրի բանակի ռազմական գործողության ընթացքում զոհվել է 30 պատանդ: Այդ մասին,  ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ, այսօր հաղորդել են տեղական իշխանությունները: Ինչպես հաղորդում է ալժիրյան АПС  լրատվական գործակալությունը, վեց ժամ շարունակված գրոհն ավարտվել է: Զոհվածներից ութը ալժիրցի պատանդներ են,  յոթը՝ արտասահմանցիներ՝ բրիտանացիներ, ճապոնացիներ և մեկ ֆրանսիացի: Մյուս զոհերի ազգությունը դեռ պարզվում է: Գործողության ընթացքում սպանվել են 11 ահաբեկիչներ, այդ թվում՝ գրոհին մասնակցող ահաբեկչական խմբավորումներից մեկի՝ «Անապատի որդիները՝ հանուն իսլամական արդարության» կազմակերպության պարագլուխը: Սպանվել է նաև «Աբու ալ-Բարաա» ալժիրյան խմբավորման ղեկավարը՝ մավրիտանացի Աբդուլա Ուլդ Ահմիդան: Հենց այս խմբավորումներն են կազմում «Արյունով ստորագրողներ» կազմակերպության ղեկավարությամբ գործող հանցավոր խմբավորման կորիզը:

Իշխանությունների տվյալներով՝ նավթագազային համալիրի վրա գրոհած ահաբեկիչները Ալժիր են թափանցել Լիբիայից:Այդ առնչությամբ մավրիտանական BAH լրատվական գործակալությունը նշել է, որ պատանդներ վերցնելու գործին մասնակցել են Ալժիրի, Մավրիտանիայի, Նիգերի, Մալիի քաղաքացիներ, ինչպես նաև մեկական հոգի Ֆրանսիայից և Կանադայից:

Նախորդ հոդվածը‘Sony-ն 1,1 մլրդ դոլարով վաճառում է իր կենտրոնակայանի շենքը’
Հաջորդ հոդվածը‘Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Վրաստան’