‘Ալիբի` էժանագին շոուի «շուքին տակ»’

2896

Ցավոք սրտի, Հայաստանում տարածված չէ դետեկտիվ գրականության ընթերցանությունը, չնայած` այլ ժանրի ընթերցումներն էլ բարվոք վիճակում չեն, այլապես քիչ թե շատ Ագաթա Քրիստի կամ Արթուր Կոնան Դոյլ կարդացած, կամ գոնե նրանց գրքերի հիման վրա ստեղծված կինոնկարներ դիտած մարդը կիմանար, որ հանցագործությունները բացահայտման հակում ունեն, եթե, իհարկե, մարդը տրամաբանելու ունակություն ունի: Ու բնավ պարտադիր չէ Շերլոք Հոլմս կամ Էրքյուլ Պուարո լինել` հասկանալու համար, որ ցանկացած հանցագործ` հանցագործություն կատարելուց առաջ ստեղծում է կեղծ ալիբի, որ իրեն կասկածելու դեպքում` ինքն անմիջապես ցույց տա որևէ նկար կամ ձայնագրություն, թե ինքն, իբր, հանցագործության պահին այլ բանով է զբաղված եղել:

Հայերենում «ալիբին» թարգմանվում է «այլուրեքություն» բառով, սակայն «այլուրեքություն»-ը ենթադրում է, որ տվյալ անձը հանցագործության պահին մեկ այլ վայրում է եղել, իսկ «ալիբի»-ն ենթադրում է, որ մարդը կարող է լինել նաև հանցագործության վայրում, բայց հանցագործությանը մասնակցած չլինել, այնպես որ` «ալիբի» բառն այս դեպքում ավելի ճիշտ է օգտագործելը:

Պատմությանը հայտնի են բազմաթիվ դեպքեր, երբ ալիբիի ստեղծման գործընթացն ուղեկցվել է շոուի տարրերով. երբ Հուդան մատնում էր Հիսուսին` նախապես մի շոու մտածեց: Հիսուսին մատնելու համար Հուդան պետք է մոտենար և համբուրեր նրան, իբր` ցույց տալով իր հավատարմությունը, իսկ իրականում` զինվորներին մատնացույց անելու համար Հիսուսին: Իհարկե. եղան այնպիսիք, ովքեր հավատացին  Հուդայի կատարած տեսողական խաբկանքին և համարեցին, որ նա Հիսուսին «համբուրելու» նկար ունի ու, այդպիսով, անմեղ է, սակայն հասկացողները հասկացան, թե իրականում ինչու էր նա նախապես «նկարվել»:

Հիսուսին դավաճանելուց ի վեր` անցել է մոտ 2000 տարի, և արդեն քիչ թե շատ վերլուծական ուղեղ ունեցող մարդիկ կարողանում են տարբերել հանցագործությունը, կամ դավաճանությունը` էժան շոուներից:

Հայաստանում այդքան տարածված չի եղել շոուի միջոցով, իբր, ալիբի ստեղծելու ժանրը` ի տարբերություն Ռուսաստանի, որտեղ ի դեմս Ժիրինովսկու` իշխանություններն ունեն մի գործիք, որն իբր հայհոյելով իշխանություններին և իբր քվեարկելով իշխանությունների դեմ, իրականում ամեն ինչ անում է իշխանությունների հրամանները կատարելու և ընդդիմությանը թուլացնելու համար: Այդպիսի փորձեր տարբեր ժամանակներում արել են Արտաշես Գեղամյանը, Արթուր Բաղդասարյանը, Վազգեն Մանուկյանը, բայց նրանց չի հաջողվել երկար ժամանակ հիմարացնել հասարակությունը, և նրանց ալիբին արագ հօդս է ցնդել: Հենց դրա համար էլ իշխանություններին ամեն անգամ հարկավոր են նոր ժիրինովսկիներ` իրական ընդդիմությանը վարկաբեկելու և ժողովրդին մոլորեցնելու համար:

Ցանկացած հանցագործության բացահայտման համար անհրաժեշտ է գտնել հանցագործության մոտիվը՝ դրդապատճառը, այլապես այդ հանցագործությունը հնարավոր չի լինի ամբողջությամբ բացահայտել:  

Ենթադրենք, պառլամենտում փակ քվեարկություն է տեղի ունեցել, ու ընդդիմությունը քվեարկել է իշխանության օգտին. ինչպե՞ս կարելի է բացահայտել այն ընդդիմադիրներին, որոնք հակառակ ձևով են քվեարկել:  Դրա համար միայն մեկ ձև կա. նա` ով նախապես իմացել է ընտրության արդյունքները ու իր համար նախապես ալիբի է ստեղծել, հենց նա էլ կեղծ ընդդիմադիրն է, այլապես այն մարդը` ով չգիտի սպասվող «հանցագործության» մասին` ինչու և ինչպես կարող է մինչև հանցագործությունն ինքն իր համար ալիբի ստեղծել:

Դե լավ, խնդրին այլ դիտակետից նայենք. որն է ընդդիմադիրի դրդապատճառը` հայտարարել մի բան և կատարել հակառակը: Դրդապատճառը գտնելու համար հարկավոր է հասկանալ, թե ով ինչ կարող է շահել տվյալ իրավիճակից և ով` ինչ կորցնել: Օրինակ, եթե ինչ-որ մեկի հանդեպ սպանության փորձ է կատարվում, նախևառաջ կասկածվում են նրանք, ովքեր այդ մարդու մահից որևէ «օգուտ» կարող էին ստանալ, այլապես հանուն ինչի պետք է կատարեին ծանր հանցագործություն:

Այժմ մենք ունենք նախապես` մինչ «հանցագործությունը» ալիբի ստեղծած մեկին, ում նախապես հայտնի էր հանցագործության մասին, որը նաև, իր կարծիքով, ամենաշատը շահեց տվյալ «հանցագործությունից» ու, իբր, հիմարացրեց հասարակությանը, սակայն չնչին տրամաբանություն ունեցող մարդն ինքն իրեն հարց կտա` ընդդիմությանը վարկաբեկելու համար արդյո՞ք դժվար էր իշխանությունների համար` մեկ հատ ավելի քվեաթերթիկ տպել և տալով, իբր, ընդդիմադիր համբավ ունեցող գործչի ձեռքը` մեկով նրան նկարեր, իսկ մյուսն էլ գցեր քվեատուփը, էլ չասեմ` մատիտով քվեարկեր, հետո ջնջեր ու իշխանությունների ցանկացած ձևով քվեարկեր, կամ` ընդհանրապես քվեաթերթիկը դարձներ անվավեր և սրանց նման տարբեր կոմբինացիաներ` միայն թե իր քայլով վարկաբեկեր ընդդիմությանը և բարձրացներ իր սեփական վարկանիշը` իշխանությունների տված քվեաթերթիկով:

Ցավոք, մեր հասարակության մեջ դեռ կան մարդիկ, ովքեր հավատում են էժանագին շոուներին, բայց ժամանակի ընթացքում դա էլ կանցնի, ու այդպիսի «հանցագործություններ» կատարողներին հասարակությունը ոչ կհերոսացնի, ոչ էլ կդատապարտի, այլ կտա իրավաբանորեն ճիշտ գնահատական` անմեղսունակություն, որը նույնպես հանցագործի կամ դավաճանի համար որոշակի ալիբի է ստեղծում:

Սանասար Հավասարյան

Նախորդ հոդվածը‘Ադրբեջանում բերման են ենթարկել բլոգերի ‘
Հաջորդ հոդվածը‘Խոսրով Հարությունյանի որդին «ինսուլին» է ներկրում. Մամուլ’