‘Ալիեւը ԵԽԽՎ ամբիոնից դարձյալ հայտարարել է Լեռնային Ղարաբաղի և Երևանի նկատմամբ նկրտումների մասին’

1471

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԵԽԽՎ ամբիոնից դարձյալ հայտարարել է Լեռնային Ղարաբաղի և Երևանի նկատմամբ նկրտումների մասին:

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, Ալիևը հայտարարել է, թե Բաքվի հիմնական խնդիրներից մեկը միջազգային հանրության կողմից ճանաչված Ադրբեջանի սահմանների և տարածքային ամբողջականության խախտումն է:

«Ադրբեջանի հետ Հայաստանի դիմակայությունը վտանգում է ողջ տարածաշրջանը: Այդ հակամարտությունն անվանում են «սառեցված», սակայն դա այդպես չէ: Այն հարկավոր է վերջնականապես լուծել: Ադրբեջանցիներն այս տարածաշրջանում ապրել են դարեր ի վեր, իսկ հայերն այստեղ եկել են ընդամենը 200 տարի առաջ», — հայտարարել է Ալիեւը: Նա նաև Հայաստանին մեղադրել է «պատմական ադրբեջանական հողերից» հեռանալու ցանկության բացակայության համար: «Նրանք ցանկանում են պահպանել ստատուս-քվոն, իսկ դա հակասում է միջազգային միջնորդների, Մինսկի խմբի ջանքերին: Տարածաշրջանում փաստեր հետաքննող ԵԱՀԿ առաքելությունը նույնպես հաստատել է հայերի իրականացրած բարբարոսության փաստերը, հուշարձանների և գերեզմանների ավերումն օկուպացված տարածքներում, նաև հավելել է, որ այսօրվա Հայաստանի մայրաքաղաքը գտնվում է բուն ադրբեջանական հողում` Էրիվանում, որը Հայաստանին է հանձնվել 20-րդ դարասկզբին», — ասել է Ալիևը:

Նրա խոսքով՝ «Ադրբեջանն այդ հարցին վերաբերվում է կառուցողականորեն» և 20 տարի շարունակ նշել է, որ բանակցությունների խաղաղ գործընթացի կողմնակից է, և որքան շուտ Հայաստանի ղեկավարությունը հասկանա 21-րդ դարում այլ պետության «տարածքի օկուպացման» անընդունելի լինելը, այդքան ավելի լավ:

«Տարածքային ամբողջականությունը միջազգային իրավունքի հիմնական սկզբունքներից մեկն է: Ժողովուրդների ինքնորոշման սկզբունքը, որն այդքան հաճախ հիշատակում է Հայաստանը, չպետք է հակասի պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքին», — հայտարարել է Ալիևը:

Նա նաեւ չի խորշել հայտարարել, թե հայերն արդեն ինքնորոշվել են` «բուն ադրբեջանական հողերում» ստեղծելով Հայաստան պետությունը: «Գուցե դուք այդ չգիտեք, բայց Հայաստանի պատվիրակության անդամներն այդ պատմությունը շատ լավ գիտեն: Ռուսական Կայսրության փլուզման արդյունքում ստեղծված Արդբեջանի Դեմոկրատական Հանրապետության առաջին որոշումներից մեկը 1919 թվականին Էրիվանին Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքի կարգավիճակի շնորհումն էր: Այսինքն, նրանք արդեն երկիր ունեն: Ստացվում է, որ հայերը, որտեղ էլ որ ապրեն, պետք է իրենց համար պետություն ստեղծե՞ն: Եվ ինչո՞ւ այդ վայրը պետք է լինի հենց Ադրբեջանը: Այդ հակամարտության կարգավորումն, առաջին հերթին, կլիներ հայ բնակչության օգտին, որը դարձել է Հայաստանի կառավարության զոհը, որը երկիրը տանում է դեպի անդունդ», — հայտարարել է Ալիևը:   

Նախորդ հոդվածը‘Շանթ Հարությունյան. «Այնպիսի ելույթներ ունեցեք, որոնք չեն վնասի ձեր արժանապատվությանը» ‘
Հաջորդ հոդվածը‘ՌԴ ֆիննախ. 2014 թ. կուտակային կենսաթոշակները վերադարձնելու աղբյուրներ չկան, փողերն ուղղվել են Ղրիմին ‘