‘Ալինա Կաբաեւան հեռանում է Պետդումայից’

1108

Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր, օլիմպիական չեմպիոն Ալինա Կաբաեւան սեփական դիմումի համաձայն վաղաժամ դադարեցնում է իր պատգամավորական լիազորությունները, այդ մասին հայտարարել է Պետդումայի` կանոնադրական հարցերով կոմիտեի նախագահ Սերգեյ Պոպովը:

Կաբաեւան պատգամավոր է ընտրվել «Միացյալ Ռուսաստան» կուսակցության ցուցակով 2007-ին եւ վերընտրվել է 2011-ին: Ըստ РИА Новости-ի, նա մտադիր է այսուհետեւ զբաղվել «սպորտային հարցերով»:

Ալինա Կաբաեւան Ռուսաստանում հայտնի է նախագահ Վլադիմիր Պուտինի հետ մտերիմ հարաբերություններով: 2008-ին «Մոսկովսկի կորրեսպոնդենտ» թերթը գրեց Կաբաեւայի եւ Պուտինի սպասվող հարսանիքի մասին (չնայած, որ Պուտինն իր ապահարզանի մասին պաշտոնապես հայտարարեց 2013-ին): Այս տեղեկատվությունը շուտով հերքվեց, իսկ թերթը փակվեց:

Ինքը` Ռուսաստանի առաջնորդ Պուտինը, արտասահմանցի լրագրողի հարցին ի պատասխան ասել է, որ «այդ պատմության մեջ ճշմարիտ մեկ բառ անգամ չկա»:

«Օգոնյոկ» հանդեսի` 2014-ին հրապարակած ամենաազդեցիկ կանանց վարկանշում Կաբաեւան զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը:

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ ցամաքային զորքերում սկսել է գործել կիբեռպաշտպանության առաջին բրիգադը’
Հաջորդ հոդվածը‘Պորոշենկոն ուկրաինական Ռադային է ներկայացրել ԵՄ հետ ասոցացման համաձայնագիրը ‘