‘Ալիսա Ենոքյանը ձերբակալվել է` Disneyland-ի կեղծ տոմսեր վաճառելու համար ‘

1019

ԱՄՆ Լոս Անջելես քաղաքի Հոլիվուդի շրջանում կեղծ տոմսեր վաճառելու կասկածանքով հայ է ձերբակալվել:

22-ամյա Ալիսա Ենոքյանը մեղադրվում է համացանցի միջոցով «Դիսնեյլենդ» զբոսայգու (Կալիֆոռնիայի նահանգի Անահայմ քաղաքում) կեղծ տոմսեր վաճառելու մեջ: Ենոքյանի «ծուղակում», կայքի հաղորդմամբ, առնվազն 6 ընտանիք է հայտնվել. նրանցից ոմանք միայն աշխարհի ամենահայտնի զբոսայգու դարպասների մոտ են իմացել, որ իրենց տոմսերը կեղծ են: Այս մասին գրում է tert.am-ը՝ հղում անելով ամերիկյան Glendalenewspress.com կայքին:

Ենոքյանը բերման է ենթարկվել չորեքշաբթի՝ «ընկնելով» իրավապահների լարած թակարդը: Նրանք, իմանալով Ենոքյանի խարդախությունների մասին, ներկայացել էին որպես գնորդներ, հանդիպում էին նշանակել ու ձերբակալել նրան:

Ձերբակալության ժամանակ Ենոքյանի թղթապանակում մոտ 20 էլեկտրոնային կեղծ տոմս է եղել, ինչպես նաև գրքույք, որում նշված են եղել «զոհերի» հեռախոսահամարները, վաճառված տոմսերի մասին տեղեկություն և այլն:

Ալիսան պնդել է, որ ինքն այդ քայլին դիմել է «խիստ կարիքից դրդված». տոմսերը գնել է մի անծանոթից և «պատճենել է»՝  Քրեյգլիսթում (էլեկտրոնային հայտարարությունների կայք) վերավաճառելու նպատակով,  քանի որ «աշխատանք չունի ու չի կարողանում գոյատևել»:

Glendalenewspress.com-ի հաղորդմամբ՝ Ենոքյանն իր այդ «բիզնեսով» զբաղվել է մի քանի տարի շարունակ, իսկ թե կոնկրետ քանի մարդ է տուժել նրա գործողությունների հետևանքով,  առայժմ հայտնի չէ:

Հավելենք, որ Ալիսային «մերկացրել է» նրա վերջին «զոհերից մեկը»՝24-ամյա մի երիտասարդ, որը 500 դոլարի դիմաց 10 տոմս էր գնել Ալիսայից: Եվ երբ երիտասարդը հայտնաբերել էր, որ տոմսերը կեղծ են, դիմել էր ոստիկանություն ու Ալիսայի մասին տեղեկություն տրամադրել իրավապահներին:

Նախորդ հոդվածը‘Օդի ջերմաստիճանը կբարձրանա’
Հաջորդ հոդվածը‘Եգիպտոսում բողոքի ցույցի էին դուրս եկել ոստիկանները’