‘Ալիսը մենք ենք ու խելահեղ վարկածներ ունենք. Բացվեց Բրիտանական ակումբը’

1673

Թեեւ մեր մանկության Ալիսն արդեն 150 տարեկան է, սակայն, բոլորիս համար շարունակում է մնալ այն փոքրիկ աղջնակն, ով հայտնվել էր հրաշքների խելահեղ աշխարհում, որտեղ երազի միջոցով կյանքում գոնե մեկ անգամ հայտնվել է մեզանից յուրաքանչյուրը:

Իրականում մենք էլ գիտենք, որ Ալիսը երբեք էլ չի ծերանում, որովհետեւ աշխարհում ամեն օր ծնվում է մի նոր Ալիս, իսկ մենք էլ` հոգու խորքում Ալիսի պես շարունակում ենք սավառնել հրաշքների աշխարհում, եւ ընդհանրապես, մենք աղջիկներս, բոլորս էլ Ալիս ենք, (ինչպես որ բոլոր տղաներն էլ ինչ-որ տեղ փոքրիկ Իշխաններն են) գոնե մի քիչ, ու եթե շատերը չեն տեսնում մեր` հսկայի ու թզուկի վերածվելու հրաշակերպումները, դա դեռ չի նշանակում, որ մենք չունենք հրաշագործ այդ էլիքսիրը, որը մենք ըմպում ենք Փոքրիկ Իշխաններին գերելու կամ նրանց տեսադաշտից անհետանալու համար: Բայց մի րոպե, բրիտանական արվեստից կարծես անցնում ենք ֆրանսիականին, իսկ խոսքը հիմա բրիտանականի մասին է:   

Չեշիրյան կատվի ժպիտը դեմքին մեր Արմեն Հայաստանցին, նույն ինքը գրող Արմեն Օհանյանը, ով գրականասերներին խելահեղ թեյախմության էր հրավիրել երեկ, բեմից հայտարարում է Բրիտանական ակումբի բացման մասին: Նպատակն, ինչպես ինքն է ներկայացնում, բրիտանական արվեստի նշանային գործերի շուրջ քննարկումներ ծավալելն է: Ընդ որում, բոլոր հնարավոր տեսակետներից: Բոլոր խելահեղները, (շատ խելահեղներ աշխատանքայաին ժամի պատճառով չկարողաացան ներկա գտնվել) եկան քննարկմանը, թեյեցին, ասեցին, խոսեցին, իսկ միակ ամենափոքրիկ ներկան` մեծ գրող Հրանտ Մաթեւոսյանի թոռնուհին, ստացավ լավագույն Ալիսի համար նախատեսված էլեկտրոնային գիրքը:

Բայց սրանով ամեն ինչ չավարտվեց, իհարկե: Այսքանով ամեն ինչ դեռ նոր սկսվեց: Սա միայն սկիզբն է: Ակումբը բաց է բոլոր ցանկացողների առաջ, ակայն տարածքի սահմանափակության պատճառով նախապատվությունը տրվելու է նախապես գրանցված մասնակիցներին: Ակումբի մշտական անդամության համար անհրաժեշտ է ներկայացնել անձնական տվյալները (անուն, ազգանուն, էլհասցե, բջջային հեռախոսահամար)` ուղարկելով անդամության հայտ ակումբի ֆեյսբուքյան էջին: Հավաքները տեղի կունենան ամսական 2 անգամ` 2-3 ժամ տեւողությամբ, նախապես հայտարարված վայրում եւ ժամին:

Ակումբում երկամսյա ժամկետում մեկ գործ է քննարկվում: Այնպես որ, առիթը բաց մի թողեք գրականասերներ, հատկապես բրիտանական գրականության սիրահարներ: Բրիտանական ակումբի քննարկումների մեկնարկն արդեն տրված է: Գուցե հենց դուք կառաջարկեք ամենահայտնի բրիտանական ստեղծագործություններից մեկի դրվագներից մեկի ամենախելահեղ մեկնաբանությունը: Եւ ի վերջո, ո՞վ է ասել, որ եթե Ալիսն արդեն 150 տարեկան է, ապա նրա մասին ամեն ինչ արդեն ասված է: Գուցե պետք է նորից բացահայտել` Ալիսին էլ, Ջուլյետին էլ, Օլիվերին էլ, մյուսներին էլ:   

Նախորդ հոդվածը‘Լրագրողական ՀԿ-ներ. Անպատժելիության մթնոլորտը նոր նմանատիպ օրինախախտումներ է առաջացնում’
Հաջորդ հոդվածը‘Երևանի 2016 թ. բյուջեն ավելի մեծ հնարավորություններ կընձեռի չինովնիկներին’