Ալիևը Իսրայելին Ղարաբաղ ներքաշելու մասին հայտարարությունն անհեթեթ է համարում

424

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն հերքում է Իսրայելին Ղարաբաղ՝ Իրանի սահմանի մոտ ներքաշելու վերաբերյալ լուրերը։ Երկրի ղեկավարի խոսքով՝ դա անհեթեթություն է և փորձ՝ Ադրբեջանը վարկաբեկել իրանական հանրության աչքում։

Թեհրանի և Բաքվի միջև հարաբերությունների լարվածությունը մեծացել է սեպտեմբերի կեսերին։ Իրանի իշխանությունները կասկածներ ունեն, որ Ադրբեջանը սերտորեն համագործակցում է Իրանի տարածաշրջանային ընդդիմախոսի՝ Իսրայելի հետ։

Իրանն Իսրայելին մեղադրում է, որ նա ձգտում է իրանական սահմաններին մոտենալ Ադրբեջանով՝ օգտվելով իրավիճակից Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաև թեժացնել հակամարտությունը Բաքվի և Թեհրանի միջև։

«Մենք հերքում ենք Ադրբեջանի հասցեին բոլոր մեղադրանքները՝ Իսրայելին, իբր, ազատագրված տարածքներ հրավիրելու մասին։ Դա զառանցանք է։ Դա ընդամենը Ադրբեջանին վարկաբեկելու առիթ է՝ ուղղված ներքին լսարանին։ Յուրաքանչյուր ոք կարող է գնալ ու տեսնել, որ այնտեղ կյանք չկա, ամեն ինչ ավերված է։ Երկրորդը, մենք պահանջում ենք, որ մեզ հարգեն ճիշտ այնպես, ինչպես մենք ենք հարգում ուրիշներին»,- ասել է Ալիևը իտալական La Republica թերթին տված հարցազրույցում։

Երեքշաբթի Ադրբեջանի և Իրանի ԱԳՆ ղեկավարներ Ջեյհուն Բայրամովը և Հոսեյն Ամիր Աբդոլահիանը հեռախոսով քննարկել են երկու երկրների հարաբերությունները և նշել, որ վերջերս նկատվող հռետորաբանությունը չի համապատասխանում բարեկամական հարաբերությունների մակարդակին։

Փոխանցում է ria.ru-ն։

Ալիևը հայտարարել է նաեւ, որ գոհ է Ղարաբաղում ռուսաստանցի խաղաղապահների գործունեւթյունից, բացառությամբ մի քանի միջադեպերի՝ իրավիճակը տարածաշրջանում կայուն է։

Ալիևի խոսքով՝ որոշակի հարցեր կան, «որոնք դեռ լուծման կարիք ունեն»։

«Մասնավորապես, կա արտասահմանցիների հարցը, որոնք պետք է Ադրբեջանից թույլտվություն ստանան մեր այն տարածքներ մուտք գործելու համար, որոնք ներկայումս ռուսաստանցի խաղաղապահների պատասխանատվության գոտում են։ Թեև Ղարաբաղ այցելող «զբոսաշրջիկների» թիվը կտրում կրճատվել է, որոշ օտարերկրացիներ դեռ ապօրինի կերպով են թափանցում մեր տարածք, ռուսաստանցի խաղաղապահների տեղակայման վայրերում։ Այդ հարցը ներկայացվել է Ռուսաստանի իրավասու մարմիններին, որպեսզի դրան վերջ տրվի»,- ասել է Ալիևը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԿԺԴՀ առաջնորդը խոստանում է ստեղծել «անպարտելի բանակ», բայց միայն պաշտպանության նպատակով
Հաջորդ հոդվածըԱկցիա Կիևում Վրաստանի դեսպանատան մոտ՝ ի պաշտպանություն Սաակաշվիլիի