‘Ալիևի աշխատակազմը պատասխանել է Հայաստանում ՌԴ ռազմակայանի հրամանատարին’

973

Ադրբեջանի նախագահի աշխատակազմը պատասխանել է Հայաստանում Ռուսաստանի դաշնության ռազմաբազայի հրամանատար, գնդապետ Անդրեյ Ռուզինսկու հայտարարությանն այն մասին, թե Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտության վերսկսման դեպքում հնարավոր է, որ Ռուսաստանը միջամտի, փոխանցում է Trend-ը: «Ադրբեջանն այժմ ուժեղ և անկախ է, քան երբևէ,- հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Էլնուր Ասլանովը:- Ադրբեջանն այժմ ունի թե՛ հզոր բանակ, թե՛ անկախ քաղաքականություն: Ադրբեջանը թույլ չի տա ինչ-որ երկրի կամ ինչ-որ կողմի՝ միջամտելու սեփական տարածքներում իր իրավասությունների վերականգնման հարցին»: Իր հերթին՝ ադրբեջանական խորհրդարանի պատգամավորներից մեկը՝ Ջեյհուն Օսմանլին, մեկնաբանելով այս թեման՝ հայտարարել է, թե ՀԱՊԿ դաշինքի (որի կազմում են Ռուսաստանը և Հայաստանը) կանոնադրությունը թույլ չի տալիս ներխուժել Ադրբեջանի տարածք: Նա նաև նշել է, թե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու ծրագրեր չունի, ինչը կարող է նրա դաշնակիցների միջամտության հիմք դառնալ:

Բաքվի դժգոհությունը հարուցած հայտարարությունը ռուսաստանյան ռազմաբազայի հրամանատարն արել էր   «Красная звезда» թերթին տված հարցազրույցում: Նշելով, որ տարածաշրջանում ռազմա-քաղաքական իրավիճակը շարունակում է լարված մնալ, Ռուզինսկին ասել էր, թե «եթե Ադրբեջանի ղեկավարությունը որոշում կայացնի ուժային ճանապարհով վերականգնել իր իրավասությունները Լեռնային Ղարաբաղում, ապա ռազմաբազան կարող է միջամտել ռազմական հակամարտությանը՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում Ռուսաստանի Դաշնության պայմանագրային պարտավորությունների համաձայն»,- փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Կիվիրյանը դատախազությունում է ‘
Հաջորդ հոդվածը‘Գծատերերը երթ են արել և պահանջել են 200 դրամ ուղեվարձ’