‘Ալլա Հովհաննիսյան. «Ձայն մի՛ տվեք Սերժ Սարգսյանին, մի՛ ուրացեք արյունը». Մամուլ’

2388

Նախորդ նախագահական ընտրությունների հետընտրական զարգացումների հետևանքով 2008 թվականի մարտի 1-ին զոհված Տիգրան Խաչատրյանի մայրը՝ «Մարտի 1» հասարակական կազմակերպության նախագահ Ալլա Հովհաննիսյանը, փետրվարի 18-ին կայանալիք ընտրության վերաբերյալ, «Հայկական ժամանակ» թերթի միջոցով դիմում է ընտրելու իրավունք ունեցող բոլոր քաղաքացիներին: Իր երեխայի կյանքի գնով Հայաստանի ներկայի և ապագայի համար «վճարած» մոր խոսքը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Հինգ տարի առաջ այս օրերին բոլորս ոգևորությամբ կարծում էինք, թե նոր ընտրություններով կերտելու ենք Ազատ Հայաստան: Սակայն քոչարյանասերժական հանցավոր վարչախումբը, օգտագործելով բանակը, գնդակահարեց սեփական ժողովրդին և զավթեց իշխանությունը: Հինգ տարվա մեջ ոչ մեկը պատասխանատվություն չկրեց սպանությունների, ձերբակալությունների և այլ անօրինական գործողությունների համար:

Հիմա նորից կանգնել ենք ընտրության շեմին` ընտրության միջոցով փոփոխության հասնելու հավատը կորցրած: Սակայն ես երբևէ չեմ կասկածում, որ հայ ժողովուրդը կմոռանա իր կորցրած նահատակներին, կուրանա նրանց թափված արյունը: Ուստի, կոչ եմ անում հայաստանցի ընտրողներին, բոլոր այն ազատամիտ քաղաքացիներին, ովքեր 2008 թվականի մարտի 1-ին տղայիս հետ գտնվում էին Մյասնիկյանի արձանի շրջակայքում, ովքեր զգում էին ազատության շունչը և պայքարում դրա համար, կատարեք ընտրություն խղճի թելադրանքով, ձայն մի տվեք Սերժ Սարգսյանին, թույլ մի տվեք, որ ձեզ խաբեն: Անմեղ մարդկանց արյունով եկած նախագահը չի կարող ստեղծել ապահով Հայաստան:

Իշխանությունը զավթածը չի կարող ստեղծել իրավունքի երկիր:

Թույլ մի տվեք, որ Մարտի 1-ի սպանդը կոծկվի առաջիկա ևս հինգ տարիների ընթացքում, որ ձեր հայրենակիցները լքեն Հայաստանը»:

Ալլա Հովհաննիսյան

Նախորդ հոդվածը‘Ակցիա. Տեղափոխում ես ընտրությունների՝ ազատվում ես օրավարձից. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Ձորակապում քաղաքական ճգնաժամ է. Մամուլ’