‘«Ալ-Քաիդան» նոր ահաբեկչություն է նախապատրաստում ԱՄՆ-ի դեմ’

1045

ԱՄՆ ազգային անվտանգության նախարարությունը և ՀԴԲ-ն  ամերիկյան բոլոր նահանգների ու քաղաքների իրավապահ մարմիններին տեղեկացրել են, որ Սիրիայի տարածքում գտնվող «Ալ-Քաիդայի» ծայրահեղականները Միացյալ Նահանգների դեմ նոր ահաբեկչություն են նախապատրաստում: Այդ մասին հաղորդել է ԱԱՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարշա Քերոնը:

«Վերջին հետախուզական տվյալները վկայում են, որ «Ալ-Քաիդայում» բարձր դիրք զբաղեցնող և Սիրիայում տեղակայված գրոհայիններն ավարտում են Եվրոպայում կամ ԱՄՆ-ի տարածքում հարձակման պլանի մշակումը»,- ասել է Քերոնը:

Ավելի վաղ նույնպիսի հայտարարությամբ Պենտագոնում հանդես է եկել ԱՄՆ զինված ուժերի շտաբների պետերի Կոմիտեի ապերատիվ վարչության ղեկավար, գեներալ-լեյտենանտ Ուիլյամ Մեյվիլը: Նա նշել է, որ խոսքը «Խորասան» խմբավորման մասին է, որը կապված է «Ալ-Քաիդայի» հետ և գործում է Սիրիայի տարածքում: Գեներալը տեղեկացրել է, որ  ահաբեկչական գործողություններ նախապատրաստող «Խորասան» խմբավորումը ոչնչացվել է  երկուշաբթի լույս երեքշաբթի Սիրիայի տարածքում ԱՄՆ օդուժի և ՌԾՈՒ-ի  ռմբակոծությունների արդյունքում:

ԿՀՎ-ի տվյալներով՝ «Խորասան» խմբավորումը ղեկավարում է «Ալ-Քաիդայի» պարագլուխներից մեկը՝ Մուհսին ալ-Ֆադլին, որը նախկին «թիվ մեկ ահաբեկիչ» Ուսամա բեն Լադենի մերձավոր շրջապատից էր և տեղյակ էր 2001 թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողությունների նախապատրաստման մասին:

Ամերիկացի փորձագետները հաստատել են ավելի վաղ հնչած գնահատականները, որոնց համաձայն՝ Իրաքում և Սիրիայում կռվում են 15 հազար գրոհայիններ՝ 80 երկրներից, այդ թվում՝ 2 հազար եվրոպացիներ և ԱՄՆ առնվազն 100 քաղաքացիներ: Փոխանցում է ИТАР-ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘International New York Times-ը Սերժ Սարգսյանին վերագրվող հոդված է հրապարակել’
Հաջորդ հոդվածը‘Վրաստանի պաշտպանության նախարարը ժամանել է Երեւան’