‘Ախտունգ-ախտունգ. Հին գործիքները՝ գործողության մեջ ‘

3366

Երկար ժամանակ Նեմեց Ռուբոյից լուր չկար: Դե էն նույն Նեմեց Ռուբոյից, որին Սերժ Սարգսյանը սպա Վահե Ավետյանի սպանությունից հետո կանչեց իր մոտ ու հրաժարվել տվեց պատգամավորական մանդատից: Ճիշտ այնպես, ինչպես Բուդաղյանների դեմ կատարված հանցագործությունից հետո Լիսկային ժամանակավոր հրաժարականի ուղարկեց, բայց, ի տարբերություն Հայրապետյանի, հետո նորից վերանշանակեց մարզպետի պաշտոնում: Փաստորեն, Լիսկան Սերժ Սարգսյանի համար առավել արժեքավոր «կադր» դուրս եկավ, քան Հայրապետյանը: Վերջինս երևի դեռ պիտի վաստակի «պախանի» բարեհաճությունը՝ իշխանական օլիմպ վերադառնալու համար: Դե, Սերժ Սարգսյանն էլ հո գիտենք՝ ինչքան է սիրում փչացնել մարդկանց: Հատկապես նրանց, ում կարող է իր իշխանությունը պահելու համար մի րոպեում ու առանց վարանելու «ժերտվա տալ»:

Եւ ահա, Հայրապետյանին տրվել է շանս՝ մի անգամ ևս անցնել իշխանության թրի տակով, վերաանցնել՝ այսինքն, վերահաստատել իր երդումը, որ ինքը մինչև վերջ ծառայում է Սերժ Սարգսյանին: Եւ այդ շանսը տրվել է հարցազրույցի տեսքով, թիրախն էլ՝ Համաժողովրդական շարժման ուժերն են՝ բնականաբար: Կարճ ասած՝ Սերժ Սարգսյանը Հայրապետյանին նորից մեյդան է բերել՝ քսի տալով վերջինիս Համաժողովրդական շարժման և նրա առաջնորդների դեմ: 

Ու ինչքան էլ Հայրապետյանը ջանում էր այդ հանձնարարությունը նորմալ կատարել, միևնույն է՝ երևում էր, որ նա չափից շատ կաշկանդված է: Իսկ Հայրապետյանը կաշկանդվելու ակնհայտորեն երկու պատճառ ունի: Նախ, երկար տարիներով լինելով քաղաքականության մեջ՝ Հայրապետյանը այնքան հոտառություն  ունի, որպեսզի հասկանա, որ Շարժումը իշխանափոխություն իրականացնելու համար բոլոր նախադրյալներն ունի: Այսինքն, ինքը՝ Հայրապետյանն էլ է հասկանում, որ Շարժումը կարող է հաջողել, իսկ այդ պարագայում իրեն մեղրածոր կյանք չի սպասվելու հաստատ: Դա էլ՝ լավագույն դեպքում: Դե վախն էլ՝ հնարավոր այդ զարգացումներից, այնպիսի բան է, որ թաքցնել չես կարող:

Իսկ երկրորդ պատճառն էլ այն է, որ Հայրապետյանը ակնհայտ չկամությամբ է կատարում Սերժի՝ իրեն պաշտպանելու հանձնարարությունը, որովհետև իր նմանության ու տիպի մեկ այլ «կադրի»՝ Լիսկային, Սերժ Սարգսյանը վերակենդանացրեց, իսկ իրեն՝ ոչ: Ավելին, իրեն Սերժ Սարգսյանը այդպես էլ պահում է արդեն որքան ժամանակ՝ հնացած գործիքների խորդանոցում՝ ժամանակ առ ժամանակ այն օգտագործելու համար: Ընդ որում, գործիքների հարցում էլ Սերժն այնքան առատաձեռն չի գտնվել Հայրապետյանի հանդեպ, որքան մյուս հնամաշ գործիքների հետ: Զորօրինակ՝ Արտաշես Գեղամյանի կամ Հայկ Բաբուխանյանի հարցում: Նույնիսկ նրանց հարցում է Սերժ Սարգսյանն ավելի առատաձեռն գտնվել: Ու իրականում՝ ստացվում է, որ այսօր Հայրապետյանը իշխանությունների համար ոչ միայն Լիսկայից պակաս տղա է, այլև՝ պակաս կարևոր, քան Գեղամյանն ու Բաբուխանյանը:

Բա՛: Իսկ ի՞նչ էր ակնկալում Հայրապետյանը, երբ կրծքով պաշտպանում էր Սերժ Սարգսյանին: Կարծում էր՝ շնորհակալությո՞ւն էր ասելու: Ամենևին: Սերժ Սարգսյանը իր բոլոր, անխտի՛ր բոլոր գործիքներին օգտագործում է միայն մի նպատակով՝ իր իշխանությունը պահելու համար: Երբ իրեն պետք է՝ նա գործիքին վերև կտանի, երբ պետք է՝ ներքև կշպրտի, երբ պետք է՝ բանտ էլ կնստեցնի: Այնպես որ, ընտրությունն ու մեղավորությունը հենց իրենցն է՝ գործիքներինը: Երբ ինքնակամ համաձայնում ես դառնալ Սերժ Սարգսյանի գործիքը, ապա պիտի պատրաստ լինես, որ քեզ հետ կվարվեն այնպես, ինչպես քլունգի կամ բահի հետ. քեզնով կփորձեն փոս փորել այլոց համար, հետո ամիսներով կմոռանան քեզ խորդանոցում: Դա էլ՝ լավագույն դեպքում:

Պարգև Ապրեսյան 

Նախորդ հոդվածը‘Լեգենդար Թիերի Անրին ավարտեց կարիերան(տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Պատգամավոր. Հայաստանի էներգետիկ ընկերություններում աղետալի իրավիճակ է ստեղծվել’