‘ԱԽՔ. ՀԱՊԿ շրջանակներում համագործակցությունը նոր թափ է ստանում ‘

868

Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀԱՊԿ շրջանակներում նախատեսված միջոցառումների իրականացումը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը:

Արթուր Բաղդասարյանը միջգերատեսչական հանձնաժողովի անդամներին է ներկայացրել 2012 թ. հոկտեմբերի 15-ին Մոսկվայում  իր և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ  Բորդյուժայի հանդիպման և «ՀՀ գործունեությունը ՀԱՊԿ շրջանակներում» խորագրով կլոր սեղանի արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունները: Իր խոսքում Արթուր Բաղդասարյանը մասնավորապես նշեց.

«ՌԴ-ում ստորագրվեց փաստաթուղթ, համաձայն որի` Հայաստանում կստեղծվեն Հայ-ռուսական հումանիտար կենտրոն իրավիճակների ոլորտում: Սա խոշորագույն ենթակառուցվածք է, որը հնարավորություն կտա Հայաստան ներկրել ոչ միայն նորագույն սարքավորումներ և տեխնիկա, այլև ունենալ հզոր ենթակառուցվածք, որը մենք կարող ենք օգտագործել մեր երկրում արտակարգ իրավիճակների ժամանակ: Մեր այցի օրերին ՌԴ նախագահ Վ. Վ. Պուտինը ստորագրեց հրամանագիր Հայաստանում ստեղծելու «Ռոսգրանիցա» պետական գործակալության Հայաստանի ներկայացուցչություն բացելու և ֆինանսավորելու մասին, որի նշանակությունը չափազանց կարևոր է, քանի որ Հայաստանը միակ երկիրն է, որտեղ ՌԴ-ն ունի սահմանապահ ստորաբաժանում: Ռուսաստանի սահմանապահները այսօր պաշտպանում են Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Իրան պետական սահմանները: Այդ սահմանները լուրջ արդիականացման կարիք ունեն: Այս պայմանագիրը և ՌԴ նախագահի հրամանագիրը հնարավորություն կտան այս ոլորտում լուրջ, դրական զարգացումներ ունենալ սահմանների արդիականացման, մեր երկրի անվտանգության ամրապնդման իմաստով:

Երրորդ. Հայաստանում կստեղծվի Ռուսաստանի պետական ռեզերվների գործակալություն, այսինքն Հայաստանի և Ռուսաստանի համատեղ պահուստների տարածաշրջանային ենթակառուցվածք: Սա շատ կարևոր նշանակություն կունենա Հայաստանի պետական պահուստների համակարգի զարգացման տեսանկյունից: Նաև համաձայնության եկանք Հայաստանի և Ռուսաստանի միջև նոր ռազմատեխնիկական համագործակցության պայմանագիր ստորագրելու շուրջ: Վերջին պայմանագրի ստորագրումից անցել է շուրջ 20 տարի և այդ պայմանագիրը թարմացման կարիք ունի: Այն հնարավորություն կտա երկու երկրների ձեռնարկությունների միջև համագործակցությունը զարգացնել ուղիղ ճանապարհով, առանց բյուրոկրատական ընթացակարգերի: ՀԱՊԿ-ի շրջանակներում Հայաստանում կստեղծվի Ակադեմիա, որը կրթական, վերապատրաստման, մասնագիտական կարողությունների բարձրացման աշխատանքներ պետք է իրականացնի: Այն հնարավորություն կտա ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԱԾ, ԱԻՆ, Ոստիկանության, պաշտպանության ոլորտի աշխատակիցներին անցնել հատուկ վերապատրաստում ՀԱՊԿ-ի ռեսուրսների ներգրավմամբ»:

Արթուր Բաղդասարյանը հանձնաժողովի անդամներին առաջարկեց ձեռք բերված համաձայնությունների հետ կապված իրենց գերատեսչությունների մասով քննարկել և ներկայացնել ամփոփ առաջարկություններ ՀԱՊԿ քարտուղարություն ներկայացնելու համար:

Նիստի ընթացքում ՀՀ նախարարությունների և գերատեսչությունների կողմից ՀԱՊԿ շրջանակներում 2012 թ. իրականացված աշխատանքների վերաբերյալ  զեկույցներով հանդես են եկել ՀՀ արտաքին գործերի, Պաշտպանության, Արտակարգ իրավիճակների նախարարությունների, Ազգային անվտանգության ծառայության, Ոստիկանության և այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ: 

Նախորդ հոդվածը‘Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ բացեիբաց քննարկել իր միջուկային ծրագիրը ‘
Հաջորդ հոդվածը‘Թբիլիսիի քաղաքապետին թույլ չեն տվել մասնակցել կառավարության նիստին ‘