‘Ակտիվիստները միմյանց զգուշացնում են սադրանքների մասին. Վարորդի դանակահարությունը նույնպես կարող է սադրանք լինել’

1181

Այս պահին ֆեյսբուք սոցիալական ցանցում ակտիվորեն շրջանառվում է այն տեղեկատվությունը, համաձայն որի՝ հավաստի տեղեկություններ կան մի քանի վարորդներից, որ թաղային հեղինակություն-մանկլավիկները ակցիաների ընթացքում փորձելու են անկարգություններ հրահրել, ապակիներ կոտրել, ծեծկռտուք սարքել, վարորդներին նեղացնել և ամեն ինչ բարդել ակտիվիստների վրա: Ակտիվիստները միմյանց զգուշացնում են ուշադիր լինել, ավելորդ արտահայտություններ չանել, աշխատել խուսափել վարորդների հետ բախումներից:

Տեղեկատվություն կա նաև, որ այսօրվա վարորդի դանակահարությունը իրականում կապ չունի բողոքի ակցիաների հետ, և միտումնավոր տեղեկատվություն է տարածվում, թե դեպքը կապված է ուղեվարձի վճարման հետ:

Որոշ կայքեր, որոնք մինչ այժմ փորձել են տեղի ունեցած պատահարները բարդել ակտիվիստների վրա, այժմ էլ են որդեգրել նույն աշխատաոճը: Մասնավորապես, yerevannews.am կայքը գրում է, որ «դանակահարության պատճառը եղել է ուղևորի՝ 100 դրամ վճարելը»: Նշենք, որ նույն կայքը տեղեկատվություն էր տարածել, որ օրեր առաջ ավտոբուսի կոտրված ապակին նույնպես ակտիվիստների գործն է ու որպես «ապացույց»՝ ներկայացրել էր մի տեսանյութ, որտեղ պատկերված է, որ ապակին կոտրված է:

Մինչ այդ, սակայն, hra.am կայքը հայտնել է, որ ականատեսը կայքին պատմել է, թե մոտավորապես 50 տարեկան, «սոլիդ հագնված» մի տղամարդ իջնելիս վճարել է 100 դրամ։ Վարորդը նորմալ է ընդունել դա և վերցրել է գումարը։ Սակայն ուղևորը սկսել է վիրավորել և կռիվ հրահրել։

«Վարորդը մեքենայից իջավ ու ասեց՝ «ի՞նչ ես ուզում, 100 ես տվել, լավ ես արել, թո՛ղ, գնա, ինչի՞ ես վիրավորում, թո՛ղ գնա, մենակ գնա» ու նստեց մեքենան։ Էդ տղամարդը հետևից գնաց, վարորդի դռան կողմից մոտեցավ ու դանակով մի քանի տեղից վնասեց նրա ձախ ձեռքը»,– պատմեց միջադեպի ականատեսը:

Դանակահարությունից հետո աղմուկ է բարձրացել, վարորդին տեղափոխել են հիվանդանոց՝ բուժօգնություն ցույց տալու, իսկ 67ա համարի երթուղային մեքենան կանգնած է մնացել «Այրարատ» կինոթատրոնի դիմաց։

Նախորդ հոդվածը‘«Ատլետիկո Մինեյրոն» Լիբերտադորեսի գավաթի հաղթող’
Հաջորդ հոդվածը‘Կոնգրեսը սկսել է տեղական կառույցների ղեկավար մարմինների ընտրությունը ‘