‘Ակտիվիստները պահանջում են Թեղուտի հարցով քրեական գործ հարուցել (տեսանյութ)’

929

Թեղուտի հանքավայրի շահագործման վերաբերյալ բացահայտվել են նոր մեքենայություններ ու ապօրինություններ, որոնք իրականացրել է ACP ընկերությունը` ՀՀ պետական մարմինների թողտվությամբ: Այդ մասին ասվում է Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության տարածած հայտարարության մեջ:

«Մեր գնահատմամբ՝ տեղի է ունեցել քրեական հանցագործություն, որի բացահայտման համար Հատուկ քննչական ծառայությունը պետք է հարուցի քրեական գործ:

Կոչ ենք անում գիտակից հանրությանը թույլ չտալ մեր երկրի ընդերքի ապօրինի շահագործումը եւ մասնակցել մեր կյանքին վերաբերող կարևորագույն որոշումների կայացմանը»,- գրված է հաղորդագրության մեջ:

Ստեղծված նոր իրավիճակի մանրամասները ներկայացնելու համար նախաձեռնությունը դեկտեմբերի 21-ին, ժամը 13:00-ին, Մաշտոցի պուրակում ակցիա էր կազմակերպել: Մաշտոցի պուրակի քաղաքացիական ամբիոնից Թեղուտի պաշտպանության նախաձեռնության անդամները ներկայացրին առկա իրավիճակը, ապօրինությունների բացահայտումները եւ ծանոթացրին առաջիկայում նախատեսված գործողություններին:

Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունը նաեւ ներկայացրեց նախաձեռնության մանիֆեստը եւ Թեղուտի պայքարի սկզբունքները:

Հավաքվածները Մաշտոցի պուրակից կազմակերպեցին երթ դեպի ՀՀ գլխավոր դատախազություն, որտեղ Հատուկ քննչական ծառայությանը հրապարակավ տրամադրվեցին նոր ձեռք բերած փաստերը՝ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու պահանջով:


Նախորդ հոդվածը‘Գուրգեն Եղիազարյան. Գելափ-մելափները գալիս են Հայաստան խոպան’
Հաջորդ հոդվածը‘Գաղտնալսման փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 144 հոդվածի համաձայն’