‘Ակտիվիստները պայքարի նոր թիրախը Աֆրիկյանների տունն է ‘

2807

Ակտիվիստները շարունակում են պայքարը հանուն Հին Երևանի պահպանման: Արդեն գրեթե 2 տարի  տարբեր քաղաքացիական նախաձեռնությունների մասնակիցներ փորձում են ուշադրություն հրավիրել 19-րդ դարի վերջին կառուցված շենքի քանդման հարցին: Նախկինում այն պատկանել է Առաքել Աֆրիկյանին, ով հայտնի էր իր բարեգործությամբ:

Արդյունաբերողներ Առաքել և Տիգրան Աֆրիկյանները մեծ միջոցներ  էին տրամադրում դպրոցների, ճանապարհների շինարարությանը: Բացի այդ, նրանց ֆինանսներով Երևանում կառուցվել է ջրատար, որը երևանցիներին ապահովել է  խմելու ջրով:

20-րդ դարի սկզբին, մինչև հեղափոխությունը, Աֆրիկյանների տունը քաղաքային ակումբ էր: 2004 թվականին քաղաքապետարանն Աֆրիկյանների տունը վաճառել է մասնավոր ընկերության: Կառավարության որոշմամբ, շենքը պետք է ապամոնտաժվի և տեղափոխվի: Համանման պատրվակով քանդվել են նաև Հին Երևանի այլ շենքեր, սակայն դրանցից ոչ մեկը, գործնականում, չի վերականգնվել:

Նախորդ օրն ուշ երեկոյան մի խումբ ակտիվիստներ Աֆրիկյանների տան քանդման դեմ բողոքի ակցիա են անցկացրել, փորձելով ապամոնտաժել շենքը շրջապատող մետաղյա ցանկապատը: Արդյունքում` բերման է ենթարկվել 11 մարդ, որոնց որոշ ժամանակ անց ազատ են արձակել:

Միջադեպի առնչությամբ Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում: Մինչդեռ իրենք` ակտիվիտսները, նշում են, որ մտադիր են շարունակել պայքարը հանուն Աֆրիկյանների տան պահպանման: 

Նախորդ հոդվածը‘Ակսյոնով. Ղրիմում հումանիտար օգնությունը թալանվել է’
Հաջորդ հոդվածը‘Իսրայելի նոր նախագահն ընտրվեց երկրորդ փուլով’