‘Ակտիվիստները սպառնացել են «ձմռանը գազի փոխարեն ՀԾԿՀ աշխատակիցներին այրել»’

942

Քաղաքացիական ակտիվիստները պահանջում են ցրել Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը և վերադառնալ գազի նախկին սակագներին: Այսօր ակտիվիստները երթ են կազմակերպել դեպի ՀԾԿՀ շենքը` բողոք հայտնելով, իրենց կարծիքով, գազի անօրինական թանկացման դեմ: Իրենց պահանջները չկատարելու դեպքում ակցիայի մասնակիցներն սպառնում են դիմել քաղաքացիական անհնազանդության և գազի ու էլեկտրաէներգիայի դիմաց վճարել նախկին գներով:

Ակտիվիստները վրդովված են խորհրդարանում վարչապետ Տիգրան Սարգսյանի վերջերս արած հայտարարությունից, որ գազի գնի բարձրացման վերաբերյալ պայմանագիր գոյություն չունի: Հիշեցնենք, որ վարչապետն այդ մասին ասել է` պատասխանելով ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանի հարցին: Հետո Սարգսյանը ճշտել է, որ նկատի է ունեցել Ռուսաստանի հետ միջպետական պայմանագրի բացակայությունը, իսկ «ՀայՌուսգազարդի» և «Գազպրոմի» միջև համաձայնագիր գոյություն ունի:

Վարչապետի բացատրություններն, ըստ երևույթին, անհամոզիչ են թվում քաղաքացիների համար, ովքեր կառավարությանը մեղադրում են անհասկանալի և մութ գործարքներ կնքելու, սակագների անօրինական բարձրացման մեջ: ՀԾԿՀ շենքի մոտ երթի մասնակիցները կանգնել են կես ժամ` հանդիպում պահանջելով կառույցի ղեկավարության հետ, հակառակ դեպքում` սպառնացել են «ձմռանը գազի փոխարեն ՀԾԿՀ աշխատակիցներին այրել»: Հաջորդ ակցիան տեղի կունենա հոկտեմբերի 17–ին:

Հիշեցնենք, որ գազի սակագները հուլիսի 1-ից բարձրացել են 1 խմ դիմաց 132 դրամից մինչև 156 դրամ: 

Նախորդ հոդվածը‘Թամամյանի փաստաբանը բողոքում է արդարադատության ընտրովի կիրառումից ‘
Հաջորդ հոդվածը‘Շատ հայեր կախման մեջ են արտասահմանյան փոխանցումներից’