‘Ակտիվիստների դատ. Ընդմիջումից առաջ ցուցմունք տվեցին երեք լրագրողներ ‘

1195

Քիչ առաջ Վերաքննիչ քրեական դատարանում նախագահող դատավոր Եվա Դարբինյանը կարճ ընդմիջում հայտարարեց, որից հետո պաշտպանական կողմը կներկայացնի իր նոր միջնորդությունները: Իսկ մինչ այդ դատարանը հարցաքննեց պաշտպանական կողմի հրավիրած վկաներին՝ լրագրողներ Անի Գեւորգյանին, Հայկ Գեւորգյանին եւ Վահագն Հովակիմյանին:

Անի Գեւորգյանը հաստատեց, որ 2011 թվականի օգոտսոսի 9-ին՝ դեպքի ժամանակ, եղել է «Հայկական ժամանակ» թերթի խմբագրությունում եւ այնտեղ է լսել միջադեպի մասին:   

Նշենք, որ առաջին ատյանի դատարանի վճռի համաձայն, որը հիմնված է եղել «տուժող» ոստիկանների ցուցմունքների վրա, Գեւորգյանը դեպքի ժամանակ եղել է դեպքի վայրում եւ անգամ տեսանկարահանել է տեղի ունեցածը: Անի Գեւորգյանն այսօր դատարանում նշեց, որ եթե առաջին ատյանում ոստիկանները ցուցմունք տային, որ ինքը եղել է լուսնի վրա, ապա համոզված է, որ դատարանը այդ ցուցմունքը արժանահավատ կհամարեր եւ համապատասխան վճիռ կկայացներ:

Լրագրողներ Հայկ Գեւորգյանի եւ Վահագն Հովակիմյանի ցուցմունքները, ըստ էության, հաստատեցին Անի Գեւորգյանի ցուցմունքի արժանահատավությունը, եւ դրանցում որեւէ անհամաձայնություն չնկատվեց:  

Ի դեպ, ինչպես արդեն տեղեկացրել ենք, քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանը մտադիր էր ծաղիկներով ներկայանալ դատին: Նա այդպես էլ արել էր՝ այսօրվա դատին ներկայացել էր վարդերի փնջով, բայց դատավոր Եվա Դարբինյանի առաջարկով՝ դրանք հանձնվեցին «առաջին վկա» Անի Գեւորգյանին:  

Հավելենք նաեւ, որ այսօր դատարանը պաշտպանական կողմի պահանջով հրապարակել է ոստիկան Շահեն Հարությունյանի հեռախոսահամարը, ով նախորդ դատի ժամանակ ցուցմունք էր տվել, որ ինքը դեպքի ժամանակ կատարել է նկարահանում, հետո կորցրել է հեռախոսը, իսկ դատի ժամանակ չէր ուզում հրապարակել այն:  

 

Նախորդ հոդվածը‘ԲՀԿ-ն հարգում է «Ժառանգությանը», բայց ունի իր մարտավարությունը’
Հաջորդ հոդվածը‘Ամերիկյան անօդաչու սարքերը հարվածներ են հասցրել Եմենի տարածքին’