‘Ակտիվիստների ծեծ, Մաքսային միություն եւ հաղթանակ Չեխիայի նկատմամբ ‘

1319

Անցնող շաբաթը հագեցած էր ամենատարբեր իրադարձություններով:

Շաբաթը սկսվեց ԵՊՀ ուսանողների՝  ուսման վարձավճարների թանկացման դեմ բողոքի ակցիայի մեկնարկմամբ, որին անմիջապես հաջորդեց երթը Երևանի բուհերով: Երթի ընթացքում պարզ դարձավ, որ ձերբակալվել է ԵՊՀ ուսանող Հարություն Մկրտչյանը: 

Ակցիաները շարունակվում էին նաև Փակ շուկայի տարածքում, որի ժամանակ «Լֆիկի պաշտպաններից» երկուսը հարձակվել են Վարդգես Գասպարիի վրա և գողացել նրա պաստառը, նրանցից մեկը փորձել է հարվածել նաև ոստիկանության աշխատակցի:

Անցնող շաբաթ 66 տարեկանում կյանքին հրաժեշտ տվեց Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը:

Նույն օրը ճանապարհային ոստիկանությունը հայտարարեց, որ սեպտեմբերի 1-ից Երևանում կիրառվելու է կանգառն արգելված վայրերում կայանած և երթևեկության այլ մասնակիցների համար խոչընդոտ ստեղծող տրանսպորտային միջոցների տարհանում, որի համար նաև նախատեսված է 40.000 դրամի չափով տուգանք:

Սեպտեմբերի 3-ին ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը երաշխավորագիր  ներկայացրեց նախախորհրդարանի անդամ Դմիտրի Հարությունյանի հանդեպ խափանման միջոցը փոխելու համար, ով ձերբակալվել էր իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղանդրանքով: Դատի ժամանակ դատարանի դիմաց էին հավաքվել մի քանի տասնյակ քաղաքացիներ, որոնց թվում էին նաև անվանի շախմատային գրոսմաստերներ, ովքեր խնդրագիր էին ներկայացրել դատարան՝ միջնորդելով կալանք չկիրառել: Սակայն դատարանի որոշումն այլ էր. Դմիտրի Հարությունյանի հանդեպ որպես խափանման միջոց կիրառվեց երկամսյա կալանքը, մի քանի օր անց Հարությունյանի պատժամիջոցն, այնուամենայնիվ, փոխեցին:

Իսկ ահա, ի տարբերություն Հարությունյանի, արդարացվեց Արտաշատի քաղաքապետի որդին, ով մեղադրվում էր ընտրակեղծիքների և դիտորդի հանդեպ բռնի ուժ գործադրելու համար:

Նույն օրը նաև անժամկետ հացադուլ հայտարարեց Քեմբրիջի համալսարանի շրջանավարտ Արամ Մուղալյանը, ով այժմ կալանավորված է:

Շաբաթվա սենսացիոն նորությունը համարվում է Սերժ Սարգսյանի՝ Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ արված պաշտոնական հայտարարությունը, ըստ որի՝ Հայաստանը մտադիր է անդամակցել Մաքսային միությանը և հետագայում մասնակցել Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացին:

Սերժ Սարգսյանի հայտարարությունը դժգոհության ալիք բարձրացրեց ՀՀ քաղաքացիների շրջանում, մի քանի հարյուր մարդիկ հաջորդ օրը՝ սեպտեմբերի 4-ին, իրենց բողոքն  արտահայտեցին նախագահական նստավայրի դիմաց՝ պահանջելով Ս. Սարգսյանի հրաժարականը: «Սերժիկ, հեռացիր» վանկարկումներից և փողոցի երթևեկությունը 20 րոպե փակելուց հետո բերման ենթարկվեցին մոտ 10 քաղաքացիներ, ում հանդեպ որպես պատիժ կիրառվեց տուգանքը: Որոշ ժամանակ անց ոստիակնության մոտից ձերբակալվեց նաև Արգիշտի Կիվիրյանը:

Նույն օրը՝ ուշ երեկոյան,Կողբացի 2 հասցեում ծեծի ենթարկվեցին ակտիվիստներ Հայկակ Արշամյանն ու Սուրեն Սաղաթելյանը: Կատարվածի վերաբերյալ հայտարարությամբ  հանդես եկավ Հայ ազգային կոնգրեսը, որը դատապարտեց ակտիվիստների դեմ իրականացված բռնությունը՝ նշելով, որ կատարվածի չբացահայտման դեպքում այն անվերապահ վերագրվելու է իշխանությանը:

Հինգշաբթի օրը Բրյուսելում Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) քաղաքական վեհաժողովի ժամանակ հրատապ բանաձևի նախագիծ  ընդունվեց, որում ԵԺԿ-ն, որքան էլ տարօրինակ է` դատապարտում է ոչ թե Հայաստանի իշխանությունների անհաստատակամ պահվածքը, այլ` Ռուսաստանի կողմից «Հայաստանի հանդեպ կիրառված ճնշումը» և ափսոսանք է հայտնում այդ հանգամանքներում Սերժ Սարգսյանի կայացրած որոշման կապակցությամբ, որը վտանգում է Հայաստանի ձեռքբերումները Եվրամիության ուղղությամբ: 

Սեպտեմվերի 7-ին տեղի  ունեցավ Հայ ազգային կոնգրեսի վարչության նիստը, այն նախագահել է Լևոն Տեր-Պետրոսյանը, ով հանդես եկավ նաեւ ելույթով, որտեղ անդրադարձավ ՀՀ իշխանությունների կողմից արտաքին քաղաքական հարցերում վերջին շրջանում կատարված քայլերին եւ, մասնավորապես, Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրից, ըստ էության, հրաժարվելու եւ Մաքսային միությանը միանալու որոշմանը:

Իսկ երեկոյան Երևանի փողոցներում սովորականից ավելի աշխույժ էր. մարդիկ տոնում էին Ֆուտբոլի ազգային հավաքականի հաղթանակը Չեխիայի հավաքականի նկատմամբ:

Այսպիսին էր անցնող շաբաթը, թե ինչպիսին կլինի այս` ընթացիկ շաբաթը, կհետեւենք միասին:

Մարիամ Մուրադյան 

Նախորդ հոդվածը‘Ադրբեջանը «հետաձգել» է ԱՄՆ պատվիրակության նախընտրական այցը’
Հաջորդ հոդվածը‘Վարդան Մինասյանի մամլո ասուլիսը (Տեսանյութ)’