‘Ակցիան շարունակվում է. Հայկ Մարությանին միացել են Պետրոս Ղազարյանը և տասնյակ այլ քաղաքացիներ (տեսանյութ)’

4528

Այսօր Երեւանի կենտրոնում շարունակվում էր  շոու-բիզնեսի մի քանի ներկայացուցիչների free car ակցիան. հայտնի դերասան Հայկ Մարությանին միացել էին նրա մի քանի ընկերները եւ իրենց մեքենաներով մարդկանց անվճար տեղափոխում էին Կենտրոնից Դավիթաշեն, Կոմիտաս, Նոր Նորք եւ, ինչպես Հայկոն ասաց՝ «գծերով՝ Զեյթուն»:

Ակցիային միացած հեռուստալրագրող Պետրոս Ղազարյանը iLur.am-ի հետ զրույցում նշեց, որ այս միջոցով նպատակ ունի ոչ այնքան ճնշելու քաղաքապետարանի վրա, որքան քաղաքացիների:

«Որ մարդիկ հասկանան, որ չի կարելի ամեն ինչ կուլ տալ: Որովհետեւ ընտրություններից առաջ մեր քաղաքապետն ասում էր, որ ուղեվարձը չի թանականալու: Ի՞նչը փոխվեց: Սա միայն հիսուն դրամի հարցը չէ: Երբ մարդիկ ընտրություններից առաջ ասում են՝ ոչինչ չի թանկանալու, իսկ ընտրություններից հետո թանկացնում են, սա արդեն արժանապատվության հարց է: Կցանկանայի, որ շատ մարդիկ գային, շատ երգիչներ կան, հայտնի մարդիկ, որ երգեր են երգում Երեւանի մասին, «մեռնում են» Երեւանի համար, կուզեի, որ մարդիկ գային, կողքներս կանգնեին: Ոչ մի հերոսական բան չկա, պարզապես ուզում ենք ցույց տալ, որ պետք չի գլխիկոր ենթարկվել ամեն ինչին», — ասաց Պետրոս Ղազարյանը:  

Հայկ Մարությանը երեկվա ակցիայից հետո բավական ոգեշնչված էր. նա համոզված է, որ նման ակցիաները ոչ միայն բողոք են արտահայտում անհիմն թանկացումների դեմ, այլեւ սովորեցնում են մարդկանց՝ օգնել միմյանց:

«Մարդիկ ասում են՝ ամոթ ա 150 դրամ չվճարելը: Ես այդ մարդկանց հարցնում եմ՝ իսկ ամոթ չի՞ վճարել 150 դրամ այն դեպքում, երբ կողքինդ այդ 150-ը չունի», — ասաց դերասանը:

Հայտնիների օրինակին հետեւելով՝ free car-ին միացել էին նաեւ այլ քաղաքացիներ: Նրանցից Արմենը iLur.am-ին ասաց, որ թեեւ այսօր իր համար աշխատանքային օր է, բայց օգտվելով ընդմիջման ժամից՝ որոշել է օգնել մարդկանց:

Կոնսերվատորիայի դիմացի կանգառի մոտ ծափահարություններով դիմավորեցին free car-ի մասնակիցներին:

Մանրամասները՝ տեսանյութում.

Նախորդ հոդվածը‘Ներդրվում է «Մեկ կանգառ, մեկ պատուհան»-ը ‘
Հաջորդ հոդվածը‘Հենրիկ Նավասարդյանը ստում է (ամբողջական տեսանյութ)’