‘Ահազանգ. Զվարթնոցի կեղտաջրերը փչացնում են թայիրովցիների ողջ բերքը’

1111

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը տարածել է հետևյալ հաղորդագրությունը.

«Մայիս ամսվա սկզբից Արմենիա միջազգային օդանավակայաններ ՓԲԸ-ի կողմից օգտագործվող ջրատար խողովակի վնասվածության արդյունքում Զվարթնոց օդանավակայանին հարող տարածքն ամբողջությամբ լցվում է կեղտաջրերով: Արդյունքում փչանում է Արմավիրի մարզի Թայիրով համայնքի բնակիչների ողջ բերքը և նրանք կրում են նյութական վնասներ: 

Նրանք բազմիցս դիմել են պատկան մարմիններին, ովքեր հայտնել են, որ, իրոք, Արմենիա Միջազգային Օդանավակայաններ ՓԲԸ-ի կողմից ՌԱՕ Մարս ՓԲԸ-ի սեփականություն հանդիսացող կեղտաջրերի կոլեկտոր մղվող կեղտաջրերը գյուղատնտեսական նշանակության հողերի աղտոտման աղբյուր են հանդիսանում, սակայն մինչ օրս ոլորտի պատասխանատու պետական մարմինները խնդրի լուծման համար որևէ միջոցներ չեն ձեռնարկել:

Օրերս Թայիրովի բնակիչները դիմել են Մարդու իրավունքների Պաշտպանին և մանրամասները ճշտելու նպատակով Պաշտպանը համապատասխան հարցումներ է ուղարկել ՀՀ բնապահպանության նախարարին, ՀՀ Արմավիրի մարզպետին և ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին:

Պաշտպանի հարցմանն ի պատասխան Տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահը հայտնել է, որ  «Երևան Ջուր» ՓԲԸ-ի պատվերով մշակվել է  «Զվարթնոց» օդանավակայանի վթարված ճնշումային կոյուղագիծը քաղաքային կոյուղու կոլեկտորին միացնելու նախագծանախահաշվային փաստաթղթերի փաթեթը և «Երևան Ջուր» ՓԲԸ-ն պատրաստակամ է անհրաժեշտության դեպքում միացման աշխատանքների իրականացման ընթացքում ցուցաբերել տեխնիկական աջակցություն:

Բնապահպանության նախարարը հայտնել է, որ բարձրացված խնդրի կապակցությամբ Բնապահպանական պետական տեսչության կողմից Արմենիա միջազգային օդանավակայաններ ՓԲԸ-ում ներկայումս իրականացվում են ստուգումներ, ինչի շրջանակներում կպարզվեն նաև բնակիչների բողոքում նշված փաստերը և արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացնեն:

Արմավիր մարզպետարանից դեռևս ոչ մի պատասխան չի ստացվել»:

Նախորդ հոդվածը‘Իսպանական ֆուտբոլի հերթական նվաճումը’
Հաջորդ հոդվածը‘Չնայած ներքին խառնաշփոթին՝ Թուրքիան շարունակում է Ցեղասպանության ժխտման քարոզչությունը’