‘Ահազանգ. «Հարավ-կովկասյան երկաթուղիներում» ստիպում են «կամավոր հիմունքներով» կուտակային ֆոնդեր ընտրել’

1286

«Հարավ-կովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ը վերջին օրերին մեծ թափով իր աշխատակիցներին կուտակային կենսաթոշակային համակարգի դաշտ է բերում: Ընկերության աշխատակիցներից մեկը, ով չցանկացավ հրապարակել իր անունը, iLur.am-ին տեղեկացրեց, որ ընկերության տնօրինությունը ստիպում է աշխատակիցներին` ընտրել կուտակային ֆոնդեր` փաստորեն անտեսելով Սահմանադրական դատարանի հունվարի 24-ի որոշումը:

Ուշագրավ է, որ, համաձայն Հարավ-կովկասյան երկաթուղիներ ընկերության պաշտոնական կայքի ռուսալեզու հաղորդագրության, փետրվարի 19-ից 28-ը կուտակային ֆոնդեր են ընտրել 1215 աշխատակիցներից ավելի քան 700-ը: Եթե փետրվարի 19-ի դրությամբ նրանց քանակը կազմում էր 240, ապա ամսի 28-ին արդեն` 957 հոգի ֆոնդ են ընտրել:

ՀԿԵ-ում սակայն, պնդում են, որ այս ցուցանիշին «հաջողվել է» հասնել առանց աշխատակիցների վրա ճնշում գործադրելու:

«Ընկերությունը ստիպողաբար ոչինչ չի անում, ուղղակի այս ընթացքում, այսպես ասած, իրազեկման աշխատանքներ է տանում երկաթգծի երկայնքով տեղաբաշխված բոլոր ստորաբաժանումների աշխատակիցների շրջանում, որպեսզի նրանք կարողանան կողմնորոշվել եւ ֆոնդեր ընտրել: Ի վերջո, եթե անհրաժեշտություն կա, ընկերության պարտքն է` իրազեկում կատարել», — iLur.am-ի հետ զրույցում ասաց ՀԿԵ մամուլի խոսնակ Վահե Դավթյանը:

Նա նշեց նաեւ, որ հանդիսանում է ընկերության երիտասարդների միության ղեկավարը: «Եթե երիտասարդները խնդիրներ ունենային, ինձ կդիմեին որեւէ մեկը այդ խնդրով չի դիմել», -ասաց խոսնակը:

Հիշեցնենք, որ ԱԺ 4 խմբակցություններ` ՀԱԿ-ը, ՀՅԴ-ը, Ժառանգությունը եւ ԲՀԿ-ը, Սահմանադրական դատարանում վիճարկում են կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը: Հունվարի 24-ին ՍԴ-ը հայցի վերաբերյալ աշխատանքային որոշում է կայացրել, համաձայն որի, կուտակային ֆոնդեր չընտրածշ քաղաքացիները ազատվում են տուգանքներից մինչեւ վերջնական վճռի կայացումը: ՍԴ-ը, հիմնավորելով իր որոշումը, նշում է, որ համակարգի վերբերյալ իրազեկման մակարդակը շատ ցածր է, բացի դրանից, կամավորության սկզբունքով չնչին քանակությամբ մարդիկ են ընտրել կուտակային կենսաթոշակային համակարգը: Հայցով դատաքննությունը տեղի կունենա մարտի 28-ին:

Նախորդ հոդվածը‘ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի և եվրոյի նկատմամբ’
Հաջորդ հոդվածը‘Վերաքննիչ դատարանը կքննի «Լիսկայի գործով» Բուդաղյանների փաստաբանի բողոքը’